ԱՄՆ-ը գոհ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացումից

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն երկուշաբթի լրագրողների հետ հարցազրույցում իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու գործընթացների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի վերջին ավարտվեցին Հայաստանի՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում հետխորհրդային երկրներից Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան նախաստորագրելու են Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:

Այս կապակցությամբ ԱՄՆ դեսպանն իր գովեստի խոսքերը հնչեցրեց՝ շեշտելով, թե Հայաստանն հաջողությամբ է բանակցել Եվրոպական Միության հետ։

«Չնայած ԱՄՆ-ն այս գործընթացի մաս չի, սակայն ես կողմերին այդ հաջողության համար իմ գովեստի խոսքերն են ուզում հղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար լավ է, այն կարևոր գործընթաց է, և հաջող է ընթանում»,- ասաց դեսպանը։

Լրագրողներից մեկը նկատեց՝ Ռուսաստանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Ուկրաինային, եթե պաշտոնական Կիևը առաջիկա նոյեմբերին ստորագրի Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը: Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ զգուշացնում են, թե պատրաստ են պատասխան հարված հասցնել և խստացնել ուկրաինացի գործարարների մուտքը ռուսական շուկա։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն այս դիտարկմանն ի պատասխան ասաց, որ  Հայաստանն ինքնիշխան պետություն է, այն կկայացնի իր որոշումներն ու  կընտրի, թե որ կառույցի հետ է առաջ ընթանալու։

Հեֆերնը հետաքրքիր քաղաքական աշուն է ակնկալում Հայաստանում ինչպես մի շարք կարևոր ոլորտներում, այնպես էլ՝ պայմանավորված հենց նոյեմբերին Վիլնյուսում սպասվող նախաստորագրման գործընթացով։

Տեսանյութեր

Լրահոս