ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցը նոր ուսումնական տարին դիմավորում է հիմնանորոգված
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի հանդիսավոր բացմանը: 2013թ-ի նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ: Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ դպրոցի բակում տեղադրված երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կիսանդրու հեղինակ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանին:
«Ինձ համար կրկնակի տոն է, նախ, որ Երևանում ևս մեկ դպրոց վերանորոգվեց ու վերականգնվեց և հանձնվեց մեր աշակերտներին ու մանկավարժական կոլեկտիվին, և իհարկե նաև որպես Անդրանիկ Մարգարյանի որդի, որ իմ հոր անունը կրող դպրոցը վերանորոգված ընդունում է այն աշակերտներին, որոնք մեր վաղվա օրն են, ապագան ու հզորացնելու են մեր պետությունը, մեր երկիրը: Երբ երեք տարի առաջ այցելեցինք այստեղ և անվանակոչեցինք դպրոցը, իրականում անշուք վիճակ էր: Հենց ծնողների, աշակերտների և կոլեկտիվի կողմից էր բարձրացվել խնդիրը: Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցելով մենք փորձելու ենք Երևանի բոլոր դպրոցներում ապահովել հարմարավետ պայմաններ: Օգտվելով առիթից, նաև իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել բոլոր այն գերատեսչություններին ու մարդկանց, ովքեր մասնակցություն ունեցան դպրոցի հիմնանորոգման հարցում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շուրջ 450 աշակերտների համար նախատեսված դպրոցն այսօր ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ թարմացվել է նաև աշակերտական եւ ուսուցչական գույքը, անհրաժեշտ պարագաներով են համալրվել համակարգչային դասարանն ու առարկայական լաբորատորիաները: Կրթօջախի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է դպրոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին ու զրուցել աշակերտների հետ:
Օրվա խորհրդի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքներում, իրեն ևս դպրոց առաջին անգամ ուղեկցել են ծնողները: Քաղաքապետը նաև հավելել է, որ այսօր էլ շարունակում է առաջնորդվել երջանկահիշատակ հոր սկզբունքներով ու պատգամներով. «Առաջին հերթին միշտ մնալ հայ և շարունակել մեր մեծերի ավանդույթները: Պահպանել այն արմատները, որտեղից մենք սերում ենք ու առաջնորդվել հենց այդ սկզբունքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն