Թուրքիան չպետք է մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողությանը. Հիքմեթ Չեթին
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին (1991-1994) արտգործնախարար Հիմքեթ Չեթինը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողությանը.
«Մինչև Սիրիա ներխուժելը ՄԱԿ-ի առաքելությունը պետք է հստակեցնի, թե արդյոք Դամասկոսի մոտ կիրառվե՞լ է քիմիական զենք, թե՞ ոչ: Եթե հաստատվի Սիրիայում քիմիական զենքի կիրառվելը, ապա աշխարհը պետք է ձեռնարկի համատեղ քայլեր՝ կապված դրա հետ:
Ավելի լավ կլինի, եթե Անկարան զինված ներխուժում չձեռնարկի Սիրիա: ԱՄՆ-ն ու Եվրոպան հեռու են գտնվում Սիրիայից: Նրանք կիրականացնեն Սիրիայի դեմ ռազմական գործողություն, իսկ հետո կհեռանան: Մինչդեռ Թուրքիան մշտապես կմնա Սիրիայի հարևանը: Ես կարծում եմ, որ դրա համար էլ Թուրքիան չպետք է միջամտի այդ հարցին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Taraf թերթը ներկայացրել էր Թուրքիայի իշխանությունների մտավախությունները՝ կապված Սիրիային հարվածելու հետ: