Կառավարման ո՞ր համակարգն է ավելի արդյունավետ. կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական
«Որպես իրավաբան` կարող եմ ասել, որ, զուտ իրավագիտական տեսանկյունից, խորհրդարանական համակարգը ժողովրդավարության ավելի մեծ պոտենցիալ ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը` խոսելով Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ քննարկումների թեմայով:
Առաջին հերթին ընդգծելով, որ կառավարման համակարգերը պետություններում պատահականորեն չեն ընտրվում, և յուրաքանչյուր կառավարման ձև առաջացել է կոնրկետ պայմաններում, Վահե Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ կիսանախագահական կառավարման համակարգն իր էությամբ ավելի կարծր է և ավտորիտար, իսկ խորհրդարանական համակարգն ունի ժողովրդավարության անհամեմատ ավելի մեծ պոտենցիալ, թեև ավելացրել է, որ վերջինս նույնպես պարունակում է իր վտանգները:
Վ. Ստեփանյանն ընդգծել է, որ եթե երկրում չկա ազատ և արդար ընտրությունների անցկացման մեխանիզմ, ցանկացած կառավարման համակարգ նույնն է դառնում:
«Բայց այստեղ հարցն այն է, թե դրանցից ո՞րն է ավելի շատ մրցակցային պայմաններ ապահովում: Տեսեք, պատահական չէր Վրաստանում Սահակաշվիլիի կուսակցության պարտությունը, որովհետև երբ անցում ես կատարում այդ համակարգին, արդեն հնարավորություն է ստեղծվում մրցակցային ընտրությունների համար: Այսինքն` ես չեմ կասկածում, որ խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական է, բայց նաև կասկած չկա, որ դա ենթադրում է քաղաքական հասունության որոշակի մակարդակ»,- ասաց Վահե Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին «168 Ժամը» հրապարակել էր տեղեկություն, ըստ որի` գործող իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ըստ իշխանության շրջանակներում առկա լավատեղյակ աղբյուրների` այդ նպատակով կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, և 2014 թ. կանցկացվի սահմանադրական հանրաքվե` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու նպատակով: Իսկ հանրապետական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ «այժմ կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին»:
Վահե Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: