Շարմազանովը հանդիպել է ռուսաստանցի լրագրողների և հասարակական գործիչների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին: Կարեւորելով Հայաստանի ու Ռուսաստանի՝ տարբեր ոլորտներ ներառող միջպետական ամուր հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց այդ կապերի սերտացմանն ու ամրացմանն ուղղված հասարակական ակտիվ շփումները, միմյանց սատարելու ու աջակցելու ջանքերն ու սրտացավ վերաբերմունքը:
Ռուս լրագրողներն ու հասարակական գործիչները հիացմունքով խոսեցին Արցախի հյուրընկալ ժողովրդի տոկունության, համերաշխության, անկախ ու բարեկեցիկ երկրում ապրելու վճռականության մասին՝ միաձայն հաստատելով, որ արցախցուն ամենաբնորոշ հատկանիշներից մեկը խաղաղասիրությունն է: Նրանք հավաստիացրին, որ իրենց նախաձեռնությունը շարունակական է լինելու եւ իրենք Արցախի հետ մշակութային ու հումանիտար տարբեր ծրագրեր իրականացնելու լուրջ նպատակներ ունեն:
Հյուրերը տեղեկացրին նաեւ, որ նախորդ օրը այցելել են Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին եւ որոշել Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նման անմարդկային բարբարոսությունները կանխարգելելու նպատակով իրականացնել ճանաչողական տարբեր միջոցառումներ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց հյուրերին անկեղծ ու անմիջական գնահատականների, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ ծրագրերին:
Էդուարդ Շարմազանովի գրասենյակ