Բաժիններ՝

Կարգալուծությունները Գարեգին Բ Կաթողիկոսի անվան հետ կապելն անհեթեթություն է

Վերջին շրջանում մամուլում հաճախ է շրջանառվում Եկեղեցուց հեռացած հոգևորականների թվի աճման հարցը, որի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի հետ, որի գործունեության հետ են առնչվում նաև եկեղեցականների հարցերը:

– Տե՛ր Հայր, ինչպես կմեկնաբանեք եկեղեցականների կարգալուծության մասին մամուլում շրջանառվող լուրերը, որոնք հատկապես կապակցվում են Գարեգին Բ կաթողիկոսի անձի հետ:

– Եկեղեցին գործող օրգանիզմ է, և ձեռնադրությունների հետ կան նաև կարգալուծության դեպքեր: Այս երևույթը գոյություն է ունեցել Եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում: Կարգալուծությունները կապելը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ`բացարձակ անհեթեթություն է: Եկեղեցականների վերաբերյալ վիճակագրությունը բոլորովին այլ է: Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետության տարիներին ձեռնադրություն են ստացել և ծառայության կոչվել 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 թ, որոնցից`  29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա, որոնք իրենց սպասավորությունն են իրականացնում հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տեղին է նշել նաև, որ Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատությունների շարքում ի թիվս Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի ավելացել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանը: Այս չորս հաստատություններում ուսանում են 247 ուսանողներ:

Ինչ վերաբերում է ծառայությունը թողած եկեղեցականներին՝ դրանց թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել.

ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Հիշյալ դեպքերում եկեղեցականները ծառայությունից ազատվել են եկեղեցական կանոնական սկզբունքների շրջանցման համար, ինչպես օրինակ մի դեպքում եկեղեցականի փաստացի ամուսնալուծությունը, մեկ այլ դեպքում անգամ քրեական հանցակազմի առկայությունը և այլն:

Ինչ վերաբերում է կարգալույծ բառի գործածությանը, ապա կարծում ենք, որ հասարակության մոտ որոշակի շփոթ կա այս հասկացության ընկալման առումով: Հաճախ այն մեկնաբանվում է որպես որոշում, որով եկեղեցականին հեռացնում են ասպարեզից, առանց նրա ցանկության և կամքի հետ հաշվի նստելու: Սակայն ինչպես արդեն վերը նշեցինք կարգալույծ արվածների ստվար հատվածը ասպարեզը լքել է սեփական նախաձեռնությամբ` ներկայացնելով իր դիմումը կամ փաստացի հրաժարվելով իր ծառայությունից:

– Ինչ ընթացակարգով է տեղի ունենում ծառայությունից հրաժարված հոգևորականների կարգալույծ հռչակումը:

Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ հոտի փաստացի լքումի դեպքերում կարգալուծության տնօրինությունը ուղղակիորեն կատարվում է Վեհափառ Հայրապետի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցական սպասավորի կարգազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում են Նորին Սրբությանը և արդյունքում կատարվում է Հայրապետական տնօրինություն:

 Սեդա Մանուկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս