3 կգ «մարիխուանա», 1,5 մլ «սուբոտեքս» և շուրջ 2 մլ «դեզոմորֆին». «Կանեփ-կակաչ-2013» միջոցառման արդյունքները
Օգոստոսի 25-ին ավարտվեց 20-օր տևած «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի ընթացքում հանրապետության ողջ տարածքում ոստիկանների կողմից իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեց և առգրավվեց անօրինական թմրամիջոցի մեծածավալ զանգված:
Պարբերաբար անդրադառնալով հիշյալ թեմային՝ նշել էինք, որ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Նախքան բուն գործընթացին անցնելն՝ իրականցվեցին բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ: «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու, ինչպես և անհրաժեշտ համագործակցությունն ապահովելու ու օպերատիվ գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքում և մարզային վարչություններում ստեղծվեցին օպերատիվ շտաբներ, պատասխանատուներ նշանակվեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվցին մարզեր:
Քսանօրյա քրտնաջան աշխատանքի, համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան ցանկալի արդյունքներ արձանագրել:
Ամփոփելով «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները՝ նշենք, որ 20 օր տևած գործողությունների արդյունքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 85 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 81 դեպք: Առգրավվել են մոտ 3 կգ «մարիխուանա», ավելի քան 1,5 մլ «սուբոտեքս» և շուրջ 2 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգվածներ, 43.5 գրամ «ափիոն» և հոգեմետ 48 դեղամիջոց: Հարուցվել է 40 քրեական գործ:
Տնամերձ 159 հողամասից հայտնաբերվել և առգրավվել են նաև ապօրինի աճեցված ու մշակված մոտ հինգ տոննա կանեփի թփեր: Նշված փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, արձանագրվել է զենք և զինամթերք ապօրինի պահելու 14 դեպք: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 415 փամփուշտ, 4 նռնակ և 5 միավոր սառը զենք:
Նշված բոլոր փաստերով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով: