Բաժիններ՝

Խաչիկյանի գործով վկան մահացել է

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում լրացուցիչ հարցաքննվեց   Գյումրու սոցիալական ապահովության  տարածքային պետ վկա Էդուարդ Վարժապետյանը, ով սույն գործի անջատված  մասով անցնում է որպես մեղադրյալ:

Նրան լրացուցիչ հարցաքննելու միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական կողմը՝ վկաներ Էդուարդ Վարժապետյանի և Արթուր Աբրահամյանի ցուցմունքներում էական հակասություն տեսնելով:

Հիշեցնենք, որ վկան նախորդ հարցաքննության ժամանակ նշել էր, որ 2010թ. Խաչիկյանը զանգահարել է իրեն և ասել, որ իրենց տարածքում կենսաթոշակների կրկնակի վճարումներ են եղել, պարզեն,  թե ինչպես է եղել և իրեն վերադարձնեն այդ գումարները:  Վկան հայտնեց, որ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային օպերատոր  Արթուր Աբրահամյանը  խոստովանել է, որ իր մեղքով են  եղել կրկնակի վճարումները:  Ա. Աբրահամյանը 3 օրվա ընթացքում վկային է փոխանցել 20 մլն դրամ, ապա 10 օր անց՝ ևս  9 մլն դրամ, գումարի մի մասը Է.Վարժապետյանին  է փոխանցվել ՀՀ դրամով, իսկ մյուս մասը՝  ԱՄՆ դոլարով: Վարժապետյանը նշեց, որ 29 մլն դրամը Խաչիկյանին է տվել 3 ամսվա ընթացքում:

Իսկ վկա Արթուր Աբրահամյանը նշել էր, որ ինքը 20 մլն դրամը Վարժապետյանին է փոխանցել 1ամսվա ընթացքում:

Վարժապետյանը դատարանում հայտնեց, որ  Արթուր Աբրահամյանն է  շփոթում օրերը՝ ավելացնելով, որ երբ նա խոստովանել է, որ իր մեղքով է եղել կրկնակի վճարումները՝  նրան աշխատասենյակից դուրս է հրավիրել: Պարզվեց նաև, որ այդ գումարները Արթուրը փոխանցել է իրեն գործով մյուս վկա Ռուբեն Մնացականյանի միջոցով:

Պաշտպանական կողմը վկայի ցուցմունքներում էական հակասություններ տեսնելով միջնորդեց դատարանին հրապարակել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը: Էդուարդ Վարժապետյանի և Ռուբեն Մնացականյանի առերեսման ժամանակ պարզվել է, որ ոչ թե կենսաթոշակների կրկնակի վճարումներ է եղել, այլև թաղման նպաստների կրկնակի  վճարներ:

Այսօրվա նիստում հարցաքննվեց դատակոչված 2 վկա, 1 վկա էլ գրություն էր ուղարկել դատարանին, առ այն, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատարան և  խնդրել հիմք ընդունել նախաքննական մարմնի տված իր ցուցմունքը և հրապարակել:

Դատարանը նախորդ նիստին իր դիրքորոշումը հայտնել էր այդ մասին, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի կարող դատարան չներկայանալու հիմք հանդիսանալ:

Դատարանի կողմից մեկ այլ վկայի դատարան ներկայանալու  ծանուցմանն էլ, որպես պատասխան եկել էր փոստատարի գրությունը, որ վկան մահացել է և որոշում կայացվեց ընթերցել վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որտեղ վկան նշել էր, ինքը երկար ժամանակ բացակայել է Հայաստանից և այդ ընթացքում ոչ ոքի չի լիազորել իր կենսաթոշակը ստանալ:

Փաստինֆո

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս