Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշված դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ պաշտոնում մնալով, տնօրենը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Որոշումն ուղարկվել է Երեւանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում կատարելու համար։

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես  պարզվել է, որ դպրոցի տնօրենը՝ 2009-2012թթ. ընթացքում թվով վեց  աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր անձանց հետ, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Սակայն աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարած նշված անձանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ինչը յուրացման եւ վատնման եղանակով, ըստ նախաքննության տվյալների, հափշտակվել է տնօրենի կողմից։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձեւակերպված աշխատավարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով եւ  յուրացրել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Սարգսյանին  28.08.2013թ. մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Տեսանյութեր

Լրահոս