Բրիտանացի հատուկջոկատայինները Սիրիայի տարածքում փնտրում են զենիթա-հրթիռային համալիրներ. Daily Mirror
Բրիտանական Daily Mirror թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայում առկա թիրախների վրա հնարավոր հարձակման նախաշեմին բրիտանացի հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիա: Նրանք Սիրիայի տարածքում փնտրոմ են զենիթա-հրթիռային համալիներ՝ դրանց հետագա ոչնչացման նպատակով:
Ռազմական աղբյուրի հաղորդմամբ՝ շատ կարևոր է, որ հատուկջոկատայինները կարողանան հստակեցնել բոլոր հրթիռների տեղակայման վայրերը, որոնք կարող են սպառնալ բրիտանական ռազմանավերին կամ ինքնաթիռներին: Դրանք, ամենայն հավանականությամբ, կոչնչացվեն ափամերձ շրջաններից արձակված հրթիռներով:
Աղբյուրի խոսքերով՝ մեծ հավանականություն կա, որ հատուկջոկատայինները կարող են բռնվել, քանի որ Սիրիայում չի կարելի վստահել ոչ ոքի: ՀՕՊ-ի համալիրների ու արձակման սարքերի փնտրտուքով զբաղվում են Հատուկ օդային ծառայությունը, Հատուկ նավային ծառայությունը, հետախուզության հատուկ գունդը, ինչպես նաև MI6 արտաքին հետախուզության աշխատակիցները:
Նրանց գլխավոր նպատակը հեռահար գործունեության ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգեր գտնելն է: Հատուկջոկատայիններն այդ նպատակով օգտագործում են լազերային ու արբանյակային տեխնոլոգիաներ: