Հաշվարկային տվյալներով՝ միայն Կապանում 500-1000 ներերարկային թմրամոլ կա
Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում ստացիոնար բուժման համար 80 մահճակալից 10-ն առանձնացված է թմրամոլների և ալկոհոլիզմով տառապողների համար: Ներկայումս Սյունիքում 101 գրանցված թմրամոլ կա, որից 58-ն օգտագործում են ափիոնատիպ նյութեր: 2010թ. ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ` Հարավ-Կովկասյան տարածաշրջանում թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում, անցկացրած անանուն հետազոտության արդյունքում Սյունիքի 30 ներերակային թմրամիջոցներ գործածող անձանցից 14-ի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C և մեկ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարակակիր:
Ըստ դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի, եթե 58-ը բազմապատկենք 10-ով, ապա միայն մարզկենտրոնում թմրամոլների հաշվարկային թիվը հնարավոր է լինի 500-1000: Խոսքը՝ ներերարկային թմրամոլների մասին է, ովքեր թմրանյութ չգտնելու դեպքում օգտագործում են օգտագործում են վառելիք, լուցկու տուփի կողապատերը և կոդեին պարունակող նյութեր, որպեսզի ստանան դեզամորֆին և սրսկվեն: Թմրամոլության դեմ իրականացվող աշխատանքների շրջանակներում մտադրություն կա «Մեթադոնային փոխարինող բուժում» ծրագիրը ներդնել նաև Սյունիքում: Մեթադոնը մորֆինային խմբի սինթետիկ թմրանյութ է, որը տրամադրվում է թմրամոլին, որպեսզի նա օգտագործի մաքուր նյութ, որի գործածման դեպքում լավանում է թմրամոլի կյանքի որակը, նրանք սկսում են ճանաչել ընտանիքը, աշխատել և ավելի թեթև են տանում կախվածությունը դեղամիջոցից: Վերջերս Կապանում էին «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչները:
Վերջիներիս եզրակացության համաձայն, դիսպանսերի առկա պայմանները համապատասխանում են, որպեսզի ծրագիրը կիրառվի Սյունիքում հաշվառված թմրամոլների համար: