
ԱՄՆ-ը հարվածելու համար սպասում է Սիրիայից ՄԱԿ-ի փորձագետների դուրս գալուն. NBC

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Սիրիային կարող է հրթիռային հարվածներ հասցնել արդեն վաղը: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է նրա բարձրաստիճան ամերիկացի զրուցակիցը:
Նա հավելել է, որ ռազմական գործողությունը տևելու է 3 օր: Հարվածների թիրախում են գտնվելու սիրիական բանակի հրամանատարական կետերը, օդանավակայաններն ու հրետանին: Հեռուստաալիքն ընդգծել է, որ հրթիռային այդ հարվածները զգալի վնաս կպատճառեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռազմական պոտենցիալին:
Աղբյուրն ընդգծել է, որ ԱՄՆ-ը սպասում է Սիրիայից ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների դուրս գալուն, ինչից հետո միայն հարված կհասցվի Սիրիային:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտնել է, որ Օբաման դեռ որոշում չի ընդունել Սիրիային հարված հասցնելու մասին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ հատուկ ծառայությունները որսացել են սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու մասին վկայող հեռախոսազրույց: