ԱՄՆ հատուկ ծառայությունները Սիրիայում քիմիական զենքի կիրառումը վկայող հեռախոսազրույց են որսացել
Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Սիրիայի կառավարության զորքերը քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 600 մարդ: Սիրիայի իշխանություններն ու զինվորական հրամանատարությունը հերքում են այդ տեղեկատվությունը:
Սակայն ԱՄՆ հատուկ ծառայություններում եղած աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է որսալ Սիրիայի պաշտպանության նախարարության չինովնիկի հեռախոսային բանակցությունը քիմիական զորքերի ստորաբաժանումներից մեկի հրամանատարի հետ: Այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել քիմիական զենքի կիրառման օրը:
ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքն ընկած հեռախոսազրույցում ՊՆ-ի ներկայացուցիչը զգացմունքայնորեն փորձում է զինվորականից պարզաբանումներ պահանջել քիմիական զենքի կիրառման համար: Հենց այդ բանակցություններն են ընկած ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությունների հիմքում, որ քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած են հենց կառավարական զորքերը:
Միևնույն ժամանակ թերթն ընդգծում է, որ տվյալ փաստը նոր հարցեր է առաջացնում՝ կապված նրա հետ, թե ով է պատասխանատվություն կրելու այդ հարձակման համար: Հնարավոր է՝ ստորաբաժանման հրամանատարն ինքնակամ է կիրառել քիմիական զենք: Ամեն դեպքում ԱՄՆ-ը վստահ է, որ քիմիական զենք կիրառվել է, ինչի մասին, բացի տվյալ հեռախոսազրույցից, վկայում են տեղի բժիշկների ցուցմունքներն ու հարձակման զոհերի տեսանկարահանումները: