Ինչ է իրականում տեղի ունեցել Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի տան մոտ. պարզաբանում է Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանը
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ս. Խաչատրյանը գործով մեղադրյալ չէ և չի կարող լինել: Նա ներկայցրեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքը:
Ըստ նրա՝ գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանը, վրդովված լինելով իր եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի և Սուրեն Խաչատրյանի մտերիմ Զարզանդ Նիկողոսյանի միջև մոտ 1 ժամ առաջ տեղի ունեցած վիճաբանությունից, իր հետ վերցնելով որսորդական հրացանը, եկել է Խաչատրյանների տան մոտ և հայհոյանքներով զուգորդված սպանության տարաբնույթ սպառնալիքներ է տվել Խաչատրյանների գերդաստանների անդամներին, միաժամանակ պահանջել է կանչել Սուրեն Խաչատրյանին:
«Նույն պահին եղբորն է մոտեցել մի քանի րոպե առաջ դեպքի վայր եկած Ավետիք Բուդաղյանը, որը Խաչատրյանների հետ զրույցի ժամանակ պահանջել է կանչել Սուրիկ Խաչատրյանին և միաժամանակ հաղորդել, որ զգույշ լինեն, քանի որ Արտակը զինված և վրդովված գալիս է: Եղբոր գալուց հետո Ավետիք Բուդաղյանը հակասական վարքագիծ դրսևորելով, հանել է իր մոտ եղած ատրճանակը, պահել է այն իրեն մոտ գտնվող անձանց վրա, սպառնացել, որ կկրակի, եթե մոտենան եղբորը, հայհոյանքներ է տվել Խաչատրյանի հասցեին և միաժանակ կրկին պահանջել է, որ կանչեն Սուրեն Խաչատրյանին: Այդ պահին նրանց են մոտեցել Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, նրա 15-ամյա որդին՝ Տրդատ Խաչատրյանը և իրենց տան աշխատակցուհի Կարինե Հարությունյանը: Նրանք խնդրել են, որ Բուդաղյանները չկրակեն, գնան և գան առավոտյան: Սակայն Արտակ Բուդաղյանը շարունակել է սպանության սպառնալիքներ տալը: Մոտենալով նրանց և վախենալով, որ Արտակ Բուդաղյանը կկրակի, Լորետա Խաչատրյանը բռնել է Արտակ Բուդաղյանի հրացանի փողը և փորձել թույլ չտալ, որ կրակի: Տրդատ Խաչատրյանը փորձել է օգնել մորը, սակայն Արտակ Բուդաղյանի աջ ձեռքի արմունկով հարվածել է նրան և մի կողմ շտրտել: Հակասական դրսևորող Ավետքի Բուդաղյանը, հայհոյանքներ տալով Սուրիկ խաչատրյանի հասցեին, միաժանակ փորձել է թույլ չտալ, որ եղբայրը կրակի, ասել է պետք չի և այլն: Լորետա Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը և Ավետիք Բուդաղյանը միասին փորձել են նրա ձեռքից խլել հրազենը և թույլ չտալ, որ կրակի կամ հրազենի փողը բարձրացնել դեպի վեր, որ կրակոցի դեպքում տուժողներ չլինեն: Այդ ընթացքում (տեսանյութի մեջ՝ ժամը 23.07.30-ին) Արտակ Բուդաղյանը կտրուկ շարժում կատարելով՝ հրել և ասֆալտին թափված ավազների վրա է գցել Ավետիք Բուդաղյանին, որի ձեռքին այդ ողջ ընթացքում ատրճանակ է եղել: 2 վայրկյան անց Ավետիք Բուդաղյանը ոտքի է կանգնել և կրկին փորձել է եղբոր ձեռքից խլել զենքը, սակայն 23.07.36-ին, երբ ձեռքը գցել է դեպի իրենից խուսափող եղբոր զենքը, կրկին վայր է ընկել ավազների վրա: Այն ժամանակ, ինչպես երևում է տեսանյութում, Արտակ Բուդաղյանը մնում է միայնակ: Նրան ոչ ոք չի խանգարում. եղբայրը ընկած է գետնին, երկու կանայք մոտ 1-2 մետր ետ են մնացել: Ըստ Տիգրան Խաչատրյանի, որը վերջին 20-ից ավելի վայրկյաններ ականատես լինելով իրադարձություններին, լսելով, որ Արտակ Բուդաղյանը շարունակում է սպառնալիքները և միայնակ մնալով, պահում է զենքը իրենց վրա, քայլ է անում դեպի իրենց և ոչ ոք ու ոչինչ չի խանգարում նրան կրակելու համար, մտավախություն ունենալով, որ նա կկրակի և կիրականացնի իր սպառնալիքները, անհրաժեշտ պաշտպանության այլ տարբերակ չտեսնելով, ժամը 23.07.39-ին, այսինքն Արտակ Բուդաղյանի միայնակ մնալուց ընդամենը 3 վայրկյան անց, մինչ այդ իրենց հյուրատնից վերցրած, հորը օրինական կարգով պատկանող «Տոզ» տեսակի որսորդական հրացանից կրակել է Արտակ Բուդաղյանի վրա: Ասեմ, որ Արտակ Բուդաղյանի առաջին սպառնալիքներից հետո է Տիգրան Խաչատրյանը գնացել, վերցրել զենքը և շուրջ 1 րոպեից վերադարձել դեպքի վայր:
Հանրության համար վտանգավոր ոտնձգության իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարող Արտակ Բուդաղյանին վնաս պատճառելու միջոցով իր և իր մտերիմների կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով և գիտակցելով, որ վայրկյան անգամ հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ կրակել է Արտակ Բուդաղյանի վրա և վիրավորել նրան, պատճառելով մարմնական վնասվածք: Ավետիք Բուդաղյանը, տեսնելով և գիտակցելով եղբոր վիրավորվելու փաստը, իր ձեռքում ի սկզբանե եղած ատրճանակը պահել է Տիգրան Խաչատրյանի վրա, սպառնալով, որ կսպանի, ասելով «Տիգրան սպանիլու եմ» բառերը, բարձրացել է ընկած տեղից և վազել է նրա ուղղությամբ: Այս անգամ Տիգրան Խաչատրյանի համար առաջացել է պաշտպանության նոր իրավիճակ՝ հանրության համար վտանգավոր ոտնձգության իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարող Ավետիք Բուդաղյանին վնաս պատճառելու միջոցով իր մտերիմների և հատկապես իր կյանքն ու առողջությունը պաշտպանելու նոր իրավիճակ: Ինչից դրդված՝ Տ. Խաչատրյանը անհրաժեշտ պաշտպանության նպատակով և գիտակցելով, որ հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, 2 անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա և վիրավորել նրան: Դրանից հետո ինքը և մյուսները վազելով փախել են «ARMSCOR» մոդելի ատրճանակը ձեռքին և իրենց հետապնդող Ավետքի Բուդաղյանից:
Մի քանի մետր հեռու կանգանած Նիկոլայ Աբրահամյանը փորձել է կանխել Ավետիք Բուդաղյանի վարքագծի հնարավոր վտ հետևանքները: Մետոնալով, փորձել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը: «ARMSCOR» ատրճանակն ընկել է գետնին: Ավետիք Բուդաղյանը իր մոտ եղած 2-րդ՝ «P.BERETTA» մոդելի, 234455 համարի ինքնաշեն, արտադրական հաստոցների օգնությամբ պատրաստված ատրճանակից պանելու դիտավորությամբ կրակել է Նիկոլայ Աբրահամյանի որովայնին և նրան պատճառել մարմնական ծանր վնասվածք: Այնուհետև նա շարունակել է հետապնդել իրենից փախչողներին, մեկ անգամ ևս կրակելով նրանց հետևից: Ստացված մարմնական վնասվածքներից Ավետիք Բուդաղյանը մահացել է»: