
Սիրիայում ճգնաժամի էսկալացիան երբեք չի սահմանափակվի մեկ երկրի տարածքով. Իրանի արտգործնախարար

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «իսրայելական խարդավանք» է որակել Արևմուտքի կողմից Սիրիային հնարավոր հարվածը:
Զարիֆի խոսքերով՝ քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու համար Սիրիայի կառավարությանը պատժելու պլանն անվանել է միջազգային հանրության համար «Իսրայելի կողմից պատրաստված ծուղակ»:
Զարիֆն ընդգծել է, որ Սիրիայում ճգնաժամի էսկալացիան երբեք չի սահմանափակվի մեկ երկրի տարածքով՝ հավելելով, որ ՄԱԿ-ը պետք է միջամտի և ակտիվ մասնակցություն ունենա սիրիական ճգնաժամի կարգավորման մեջ:
«Նրանք, ովքեր պնդում են, թե Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործում իր քաղաքացիների դեմ, իրենք են քիմիական զենքով օգնել Իրաքի նախկին առաջնորդ Սադդամ Հուսեինին Իրանի հետ ութամյա պատերազմի ժամանակ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել էր, թե ԿՀՎ-ի փաստաթղթերն ապացուցում են, որ ԱՄՆ-ն օգնել է Սադդամ Հուսեինին, երբ նա զարին գազով թունավորում էր Իրանին: