Առաջին փուլում ՆԱՏՕ-ն Սիրիայում կոչնչացնի ավելի քան 450 թիրախ. Hürriyet
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ եթե ՆԱՏՕ-ի ուժերը հարվածեն Սիրիային, ապա կակտիվացվեն նախորդ տարի ցամաքային հրամանատարության վերածված Իզմիրի Շիրինջեի շտաբը և «Ինջիրլիքի» ավիաբազան: Այսինքն, այդ ուժերի հրամանատարական կետը կգտնվի Թուրքիայում:
Շիրինջեում գտնվող անձնակազմը ներկայիս 50-ից հասցվելու է 350-ի: Այս մասին թերթին հայտնել են ՆԱՏՕ-ում նրա աղբյուրները: Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համալիրները պատրաստ են ոչ թռիչքային գոտի ձևավորել Սիրիայի տարածքում:
Ակնկալվում է, որ Թուրքիայի հետ սահմանին բուֆերային գոտին ստեղծվելու է Սիրիայի դեմ ռազմական գործողության երկրորդ փուլում: Իսկ մինչ այդ պետք է ավիահարվածներ հասցվեն Սիրիային, ինչի արդյունքում պետք է ոչնչացվի ավելի քան 450 թիրախ: Հարվածներ կհասցվեն նաև սիրիական բանակի կործանիչներին: