
«Ես հեռանում եմ…». Վախճանվել է աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը

Ֆրանսիայում Իսի լե Մուլինոյի իր տանը օգոստոսի 27-ի երեկոյան մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):
168.am-ի Փարիզի աղբյուրները փոխանցում են, որ հանրահայտ նկարիչը կյանքի վերջին րոպեներին շրջապատված է եղել հարազատներով:
Մահվանից վայրկյաններ առաջ նա դիմել է դստերը` Քրիստինային եւ ասել. «Ես հեռանում եմ…»:
168.am—ի աղբյուրները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, նկարչի հուղարկավորությունը տեղի կունենա Ֆրանսիայում, շաբաթ օրը:
Ժանսեմը ծնվել է 1920 թվականին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկ քաղաքում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում: