Վրացի զինվորականները կարող են ներգրավվել ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններում
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի զինվորականները կարող են ներգրավվել ՄԱԿ-ի հովանու ներքո տարվող խաղաղապահ գործողություններում: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ իրենց պաշտոնական ամերիկյան այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի պետ, գնդապետ Իրակլի Ձնելաձեն հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղության պահպանման օպերացիաների աջակցման գծով օգնական Էդմոն Մուլեի հետ:
Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ՄԱԿ-ի կողմից խաղաղապահ օպերացիաների անցկացման և դրանցում վրացի խաղաղապահների ներգրավման հարցերը: Մուլեն շահագրգռվածություն է հայտնել, որ վրացական ստորաբաժանումները մասնակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո տարվող խաղաղապահ օպերացիաներին:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ վրացական կողմը դիտարկելու է դիտորդի կարգավիճակով այդ օպերացիաներին մասնակցելու հնարավորությունը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ վրացական ստորաբաժանումները ցայժմ անմիջականորեն չեն մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին: