
Պենտագոնի ղեկավարը Սիրիայի հարցը քննարկել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, որի հաղորդմամբ՝ Սիրիայի վերաբերյալ քննարկումը ստացվել է տևական: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկացի նախարարի նախաձեռնությամբ, ով բանակցություններ է վարում արևմտյան երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ:
Լե Դրիանը մեկնել է ԱՄԷ՝ Սիրիայի հարցի քննարկումները շարունակելու համար, իսկ Չակ Հեյգելն իր հերթին այցելում է ասիական մի շարք երկրներ: Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն աշխարհի տարբեր երկրներում ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ այսօր մանրակրկիտ կներկայացնի իր երկրի դիրքորոշումը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: