Բաժիններ՝

Բնակիչներին հայտնել են, որ ջրի մեջ ընդհանրապես քլոր չկա, սակայն լաբորատորիայից հերքում են

168.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Շենգավիթ համայնքի Շիրակի 45 հասցեի բնակիչներից, որ ջրի աղտոտվածության պատճառով երեխաներ են տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց:

Մեզ զանգահարած բնակիչների հավաստմամբ՝ այս օրերի ընթացքում միևնույն հասցեում բնակվող երեք մանկահասակ երեխա աղիքային ինֆեկցիայով ներկայումս գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: «Սանէպիդ կայանի մասնագետները տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո տեղեկացրին, որ խմելու ջրի մեջ ընդհանրապես քլոր չկա: Ընդ որում՝ այսօր ջուրը ահավոր պղտոր է»,- վստահեցրին բնակիչները:

Այս խնդրի առնչությամբ զրուցեցինք հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ: Վերջինս՝ հերքելով բնակիչների տրամադրած տեղեկատվությունը, բացառեց ջրի աղտոտվածության վարկածը և վստահեցրեց, որ հիվանդանոց տեղաափոխված երեխաներից մեկի մոտ դեղնախտ հիվանդությունն է հայտնաբերվել, իսկ մյուսների մոտ՝ աղիքային ինֆեկցիա, որը ոչ մի կապ չունի խմելու ջրի հետ:

«Եթե ջրի խնդիր է լինում՝ առաջինը ես եմ խոսում: Ջրային համաճարակներ չկան և բնակիչները ձեզ սխալ տեղեկություն են փոխանցել»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մենք զրուցեցինք նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վերոնշյալ հասցեն սպասարկող Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցներից մեկի հետ: Մեզ հետ հեռախոսազրույցում աշխատակիցը հորդորեց կապ հաստատել քիմլաբորատորիայի հետ, և մասնագետներից պարզել ջրի հետազոտության արդյունքները: Լաբորատորիայից հաստատեցին, որ խմելու ջրի նմուշառում կատարել են, սակայն լաբորատոր հետազոտությունը աղտոտվածություն չի հայտնաբերել: Լաբորատորիայի մասնագետը մեզ հետ զրույցում բացառեց այն հանգամանքը, որ նշված հասցեի բնակիչներին մասնագետները նման տեղեկատվություն են տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս