Պետրոս Մակեյան. «Տարբեր էտապներում ընդդիմությունից շատերը խաբել են մարդկանց»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ կրկին համախմբան կոչ արեց քաղաքական ուժերին` «փրկության ճանապարհի» որոնման համար, ապա նշեց, թե այդ ամենը պետք է արվի մեկ ամսվա կամ «վերջին եղանակի» ընթացքում: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նույն հարթակում էր կանգնած, այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար ևս անհասկանալի է` ի՞նչ է ենթադրում «համախմբում» եզրույթը:

«Համախմբումը պետք է ծրագրի շուրջ լինի, առաջադրանքի: Համախմբման գաղափարը միշտ եղել է քաղաքական մեր դաշտում, բայց այն, ցավոք, եղել է ընտրությունների նախաշեմին: Եթե հիշենք` 2003-ի ժամանակ Գեղամյանին խաղացրին, 2008-ին` Արթուրիկին խաղացրինգ Բայց միևնույն է, մարդիկ զգում են ընդդիմադիր ուժային կենտրոնը, հասկանում են` որտե՞ղ պետք է հավաքվել: Իսկ հիմա ես չեմ հասկանում` ի՞նչ բանաձև պետք է ներկայացվի, որ այն էլ մեկ ամսվա ընթացքում ընկալում լինի: Բարդ է»:
Պ. Մակեյանը հիշեցրեց, որ հետընտրական գործընթացների մեկնարկին զուգահեռ իր կուսակցությունը կանգնել է ժողովրդի կողքին, աջակցել «Նոր Հայաստան» գաղափարին, իսկ օգոստոսի 23-ի համաժողովից հետո, թեև ինքն այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված առաջարկին իր համաձայնությունը տվել է, ընկալման խնդիր է տեսնում «համախմբում» կոչի մեջ. «Մենք այս գաղափարին սկզբունքորեն դեմ չենք, բայց կյանքը ցույց կտա: Կաջակցենք: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը բանաձև ունի այս հարցի հետ կապված, և հույս ունենք` կհրապարակի»:

Մեր հարցին, թե` ըստ Ձեզ, «փրկության ճանապարհներ» ասելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ նկատի ունի, արդյոք հասկանալի՞ է այս նպատակը, Պ. Մակեյանը նշեց. «Փրկության գաղափարը ծամված է` դեռ Գեղամյանից: Հայաստանում փրկչի գաղափարը չի աշխատում: Մարդկանց փրկիչներ պետք չեն, որովհետև դրանք միշտ իմիտացիոն են եղել, ու հիմա մարդիկ փրկիչներին այլևս չեն հավատում: Փրկությունը ժողովրդի համախմբմաբ պետք է լինի: ՀՀ-ն, ցավոք, միշտ էլ այս գաղափարի կարիքը ունի, բայց ինչպես կներկայացվի այս ճանապարհը, որ հասարակությունը վերադառնա հրապարակ այսքան հիասթափություններ տեսնելուց հետո` ես չեմ կարող ասել: Ընդդիմությունը այս գաղափարից կարծես հրաժարվեց` գնաց «բարգավաճման» ճանապարհով: Չեմ ուզում անուններ տալ, բայց տարբեր էտապներում ընդդիմությունից շատերը խաբել են մարդկանց»:

Պետրոս Մակեյանը նշեց, որ ցանկացած ծրագիր, որը ներկայացվում է հասարակությանը, քաղաքական ուժերին, պետք է պարզաբանվի, բացատրվի. «Գուցե այս մեկ ամսվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կբացի՞ իր նոր ծրագրի փակագծերը: Չգիտեմ… Իրականացման մեթոդը շղարշված է: Նա պետք է այնպես ներկայացնի, որ հավատ ներշնչի, որովհետև մարդիկ խաբվել են, կարող է հիմա չհավատան»:
«168 ԺԱՄ»

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս