Բաժիններ՝

Ռուս հասարակական գործիչները՝ Արցախում

«Հայ-ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 25-ին Արցախում են գտնվում մի շարք ռուս հասարակական գործիչներ և լրագրողներ: «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այցելության ընթացքում ծրագրվում են հանդիպումներ և միջոցառումներ թե Երեւանում, թե Ստեփանակերտում, որոնց ընթացքում ներկայացվելու են հայկական կողմի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանային և միջազգային գերակա հարցերի հետ: «Այցի առանձնահատկությունն այն է, որ պատվիրակության կազմում ռուս հասարական գործիչների նոր սերունդ է: Նրանք Հայաստանի եւ Ղարաբաղի բարեկամներն են: Խմբի բոլոր անդամները Ղարաբաղ այցելում են առաջին անգամ: Խմբի կազմում է ռուսական հետախուզության նախկին աշխատակցուհի, ՌԵՆ-ՏՎ հեռուստաընկերության «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ և վարող Աննա Չապմանը, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի թղթակից Ալեքսանդր Ռիժկովը և այլք»,-ասել է Նավոյանը: Վերջինս նաև նշել է, որ ռուս հասարակական գործիչների և լրագրողների այցելության ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ Աննա Չապմանը որպես գործակալ հայտնի էր «Կարմիր գործակա» մականունով: Լրտեսության շուրջ սկանդալը բռնկվել էր 2010թ. ամռանը, երբ հուլիսին Աննա Չապմանը և ռուս այլ հետախույզներ ԱՄՆ-ում ձերբակալվել էին լրտեսության մեղադրանքով, զրկվել էին գույքից և միջոցներից, ու երկրից արտաքսվել հայրենիք:

Այցելության ընթացքում Ստեփանակերտում և Երևանում Փոքր և միջին գործարարության «Օպորա Ռոսսիի» համառուսաստանյան կազմակերպության փոխնախագահ Պավել Սիգալը կներկայացնի դասախոսություն «Փոքր և մանր բիզնեսի աջակցությունն ու զարգացումը. Ռուսաստանի փորձը» թեմայով, իսկ լրագրող, «Լոբբինգ ռուսաստանյան ձևով: Բիզնեսի և իշխանության միջև»  գրքի հեղինակ Իրինա Տոլմաչևան` «Լոբբինգը Ռուսաստանում» թեմայով: Խմբի կազմում են նաև հասարակական գործիչ, իրավաբան Սերգեյ Կառնաուխովը, «Ռուսսկի ռեպորտեր» ամսագրի թղթակից Եկատերինա Պանինան, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան և ուրիշներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատվիրակության անդամ, ՌԴ հասարակական պալատի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովն ասել է, որ  այցը բավական հագեցած է անցնում: «Մեր թիմի յուրաքանչյուր անդամ կոնկրետ ուղղությամբ հարցերի իր ցանկն ունի: Դա և հասարակական հարցեր են, և գյուղատնտեսական համալիրի զարգացման հարցեր, քննարկվում են նաև ապագային վերաբերող համատեղ ծրագրեր: Այս այցելության շրջանակում ինձ հատկապես հետաքրքրում է Արցախում ռուս համայնքի կյանքը: Մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք, քննարկեցինք խնդիրները, որոնցից գլխավորն էր ուղղափառ եկեղեցու կառուցումը: Հատուկ Արցախում ռուս համայքի համար օրհնվեց Տիրամոր սրբապատկերըԼ Պատվիրակության անդամները հավատում են, որ սրբապատկերն իր տեղը կգտնի Ստեփանակերտի նոր ուղղափառ եկեղեցիում», – ասել է  Դվորնիկովը:

Օգոստոսի 29-30-ին պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս