Բաժիններ՝

Այսօր մեղադրանք կառաջարվի՞ Արաբկիրի դատական կարգադրիչների պետ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ

Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործը նոր զարգացումներ է ստանում՝ հավակնելով դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը՝ իր ընդգրկմամբ:  Արդեն իսկ, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք,  ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը»  գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:

Այսպես, գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ  ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ առաջաջադրված  մեղադրանքն այսօր «թարմացվել է»՝  նրան  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և  314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը: Ավելի վաղ նրան առաջադրվել էր ավելի մեղմ մեղադրանք։   Ա.Ավագյանի նկատմամբ նախկինում խափանման միջոց էր ընտրվել գրավը, սակայն այսօր քննությունն իրականացնող Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչականը դիմել է դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և  314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանի դեմ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և 314-րդ հոդվածներով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների,  Արմեն Միրզոյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ-ի փետրվարի 1-ից մինչեւ 2013թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ավագ դատական կարգադրիչի պաշտոնում նշանակված Հրանտ Դավթյանին չի ներգրավել ծառայության մեջ, ազատել է պարտականությունները  կատարելուց: Բայց նրա աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցրել է, կատատարել պաշտոնեական կեղծիք և, ներկայացնելով կեղծ տեղեկագրեր, հափշտակել նրա աշխատավարձը՝ ավելի քան 1,5 մլն   դրամ:

Կայքի տեղեկություններով՝ այսօր մեղադրանք կառաջադրվի նաև Արաբկիրի դատական կարգադրիչների պետ Սամվել Ալեքսանյանին, ով ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։ Եթե վերջինիս մոտ բացահայտվել է հափշտակված աշխատավարձերի 1-2 դրվագ, ապա մյուս տարածքներում խոսքը գնում է տասնյակների մասին։

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս