Բաժիններ՝

Նոր շախմատի դպրոց Դավթաշենում

Մայրաքաղաքի շախմատի դպրոցների թիվը այսօրվանից համալրվեց ևս մեկով։ Դավթաշենի թիվ 192 դպրոցի օժանդակ մասնաշենքը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել երեխաների առաջ՝ որպես մի վայր, որտեղ կարելի է ծանոթանալ իմաստուն խաղի գաղտնիքներին։ Դավթաշեն վարչական շրջանի արվեստի կենտրոններում գործող շախմատի խմբակների 48 սաներն այսուհետ մարզիչների հետ միասին ուսումը կշարունակեն այստեղ:

Դպրոցի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ:

Շախմատի դպրոցն ամբողջությամբ կահավորված է համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացմամբ զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Սմբատ Լպուտյանը նշել է, որ սա հրաշալի նախագիծ է, որը կնպաստի Երևանում շախմատի զարգացմանը և ավելի մեծ թափ կտա շախմատի հետագա հաղթանակների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս