Ռուսաստանցի հայտնի գործարարը Դիլիջանում և Ստեփանակերտում կներկայացնի «Claptomania» շոուն
Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում և սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը:
D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ և տաղանդավոր կատարողների հինգ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից:
Ստեղծվելով 2000 թվականին` D’Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրեց 2008 թվականին` նոր ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի հայտնվելով:
Հայտնի գործարարը երաժշտությանը նվիրված է դեռևս դպրոցական տարիներից և
իր կիրքը բլյուզի հանդեպ այսպես է բացատրում. «Բլյուզը ինքնատիպ է և խորը արմատներ ունի: Այն նման է կյանքին: Սակայն կան բաներ, որոնք հատուկ են միայն բլյուզին, օրինակ, միջակության ժխտումը: Ինչպես Շեքսպիրի մոտ. կամ բոլորը մահանում են, կամ էլ դա կատակերգություն է, որտեղ բոլորը հաճույք են ստանում»:
D’Black Blues Orchestra-ն Ռուսաստանում և Եվրոպայում փառատոնների մասնակցության մեծ փորձ ունի: Երաժիշտները շրջագայություններ են ունեցել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
D’Black Blues Orchestra-ն Դիլիջանում և Ստեփանակերտում կներկայացնի եվրոպական մակարդակի ձայնային և լուսային «Claptomania» շոուն, որտեղ տարբեր ժանրերի համադրություն է օգտագործվում:
«Հայաստանից իմ ակնկալիքները չեն փոխվում. բնության առնական գեղեցկությունը, հնագույն քաղաքակրթություններից մեկի հանդիսավոր շքեղությունը և աներևակայելի հոգևոր ջերմությունը ծանոթ և անծանոթ մարդկանց հետ շփումից», – ասել է Վլադիմիր Ավետիսյանը:
Տարբեր տարիներին Վլադիմիր Ավետիսյանը զբաղեցրել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի վարչության անդամի, վարչության նախագահի տեղակալի, «Միացյալ ավտոմոբիլային տեխնոլոգիաներ» ընկերության վարչության նախագահի պաշտոնները, ինչպես նաև մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է եղել:
D’Black Blues Orchestra կատարումներին կարելի ծանոթանալ YouTube-ում խմբի պաշտոնական էջում։