Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկություններ ներկայացրեց հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ բաշխման պայմաններին ու մեխանիզմներին:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետություն է ներկրվելու 8 310 տոննա պարարտանյութ, եւ առաջիկայում կմեկնարկի բաշխումը: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կարող է հատկացվել առավելագույնը 1 տոննա պարարտանյութ, 50 կգ կշռող պարկը կտրվի 6 հազար դրամով: Նա նշեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել ծրագրի իրականացման մեխանիզմներում` հնարավոր խախտումներ թույլ չտալու համար:
Շուտով կմեկնարկի նաեւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխումը: Ընդհանուր առմամբ հանրապետության գյուղացիական տնտեսություններին կբաշխվի շուրջ 3400 տոննա սերմացու` ըստ մարզերից ստացված պահանջարկի: Տվյալ մարզում արտադրված սերմացուն կհատկացվի նույն մարզին:
Փոխվարչապետն առաջարկեց բաշխման գործընթացն սկսել այն մարզերից, որտեղ աշնանացանի աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկում: Նա տեղեկացրեց, որ կառավարության առաջիկա նիստերում կհաստատվի նաեւ դիզվառելիքի հատկացման ծրագիրը, որը կիրականացվի նույն սկզբունքներով եւ մեխանիզմներով, ինչ պարարտանյութի ծրագիրը: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց սերտորեն համագործակցել գյուղնախարարության հետ` ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
Մարզպետները բարձրացրեցին այս տարի ստացված հացահատիկի առատ բերքի իրացման խնդիրը` նշելով, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ տեղական ալրաղացների կողմից: Փոխվարչապետը գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին հանձնարարեց ուսումնասիրել հարցը եւ տեղեկություններ ներկայացնել կառավարություն:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը մարզպետներին ներկայացրեց հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ հաստիքների կանոնակարգման ուղղությամբ նախարարության նոր մոտեցումները, որոնք մշակվել են համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Ըստ փոխնախարարի ` ուսումնաօժանդակ հաստիքացուցակների միասնականացման մոտեցումներ են սահմանվել երեք խումբ դպրոցների համար`մինչեւ 100, 101-300 եւ 301-ից ավելի աշակերտ ունեցող: Մարզպետներն իրենց նկատառումները հայտնեցին ներկայացված հարցի շուրջ:
Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ այսօր ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել էին համայնքներում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Նա մարզպետներին առաջարկեց ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագրի` իրենց մարզերին վերաբերող հատվածները եւ համատեղ որոշել առաջնահերթությունները:
Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ ոռոգման շրջանում փոքր ՀԷԿ-երի գործունեությանը` նշելով, որ ջրային ռեսուրսներն առաջնահերթ պետք է օգտագործվեն բնակչության խմելու – կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Նա մարզպետներին հանձնարարեց գործընթացն իրենց վերահսկողության տակ վերցնել: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին