Բաժիններ՝

ՀՔԱՎ գրասենակի հայտարարությունը օգոստոսի 1-24 ընթացքում Երևան քաղաքում քաղաքացիների հանդեպ ոստիկանության աշխատակիցների բռնությունների վերաբերյալ

2013 թ. օգոստոսի 1-24 ընթացքում Երևան քաղաքում քաղաքացիական նախաձեռնող խմբերի, անհատ քաղաքացիների կողմից հանրային նշանակության տարբեր խնդիրների՝ ներհամայնքային ուղևորափոխադրության վճարի անհիմն բարձրացման, Կոմիտաս 5 և Սայաթ-Նովա 10 շենքերի հարևանությամբ կառուցվող շենքի անօրինականության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական լիազորությունները  չարաշահած անձանց հեռացման, ազատամարտիկների սոցիալական ապահովվածության վերաբերյալ բոլոր հրապարակային միջոցառումները ուղեկցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություններով, նրանց ապօրինի բերման ենթարկելով, սպառնալիքներով:

Ոստիկանության աշխատակիցների կողմից արդեն մի քանի անգամ միևնույն անձանց, մասնավորապես՝ Կարեն Հարությունյանին , Վարդգես Գասպարիին, Արգիշտի Կիվիրյանին, Տիգրան Խզմալյանին, Վարդան Հակոբյանին, Արմեն Միքայելյանին, Մարիամ Սուխուդյանին, Անի Խաչատրյանին ՀՀ օրենսդրական նորմերի կոպիտ խախտումներով, մարդու արժանապատվությունը նվաստացնող գործողություններով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ:

2013 թ. օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը՝ ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկվելու ընթացքում:

Պետական մարմինները փոխանակ քննարկման առարկա դարձնեն քաղաքացիների դժգոհությունը հարուցած հարցերը, ոստիկանության ուժերը օգտագործում են քաղաքացիների ազատ հավաքների սահմանադրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նպատակով:

Հայտնի է նաև քաղաքացիական ակտիվիստների բնակարանները իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գիշերային այցելությունների և խուզարկությունների մասին փաստեր՝ նպատակ ունենալով ճնշումներ գործադրել նաև նրանց հարազատների վրա:

Դատապարտում ենք ոստիկանության ապօրինի գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ և պահանջում ենք.

  • ՀՀ  ոստիկանապետից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինությունները,բռնությունները, ճնշումները, ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի անխափան իրականացումը
  • ՀՀ գլխավոր դատախազից՝ քննության առարկա դարձնել և քրեական գործ հարուցել քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողություններ և բռնություններ թույլ տված  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Նշված քայլերի չկիրառումը կնշանակի ապօրինությունների հովանավորումը Ձեր կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս