Բաժիններ՝

Նախախորհրդարանի պաշտոնական հայտարարությունը

Անցնող օրերի ընթացքում Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչների, նրանց աջակցության համար այնտեղ գտնվող Նախախորհրդարանի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի, ինչպես նաև այլ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ոստիկանության կողմից ապօրինի, անհիմն և խիստ անհամաչափ բռնի ուժ է կիրառվում, իսկ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվում:

Ոստիկականության ապօրինի բռնությունն այսօր` օգոստոսի 24-ին, հասավ իր բարձրակետին և վերածվեց քաղաքացիների նկատմամբ զանգվածային բռնության հատուկ գործողության: Բոլորի համար ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մենք պետություն չունենք, իսկ իրեն որպես պետություն ներկայացնող կառավարման համակարգը մեր երկիրը զավթած ու մեր ժողովրդին կեղեքող նորգաղութային տիրապետության գործիք է: Հայաստանում հաստատված հանցավոր համակարգին ծառայող Ոստիկանության` ընդամենը մեկ ապօրինի շինարարության նման փոքր հարցի նկատմամբ այս աննախադեպ մասշտաբի ու ուժգնության հակադարձությունը վկայում է այն մասին, որ երևույթը միայն արտաքուստ է կապված այդ հարցի հետ: Իրականում ինքնափլուզվող համակարգը և նրա միջուկը կազմող վարչախումբը կորցրել են ինքնատիրապետումը, քանի որ ի դեմս Նախախորհրդարանի ու ակտիվ քաղաքացիների տեսնում են մի ուժի, որն, ի տարբերություն մյուսներից, վերահսկելի չէ, չի ենթարկվում իրենց կանոններին և գործում է միանգամայն նոր ու քաղաքացիական անհնազանդության արդյունավետ տրամաբանությամբ:

Ուստի, այս ծավալվող ուժի դեմ որևէ այլ ելք չգտնելով, վարչախումբը դիմում է վերջին հնարավորությանը` բռնությանը` փորձելով հենց մեկնարկի պահից կոտրել այս նոր ուժի դիմադրությունը: Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ ոչ մի ուժ չի կարող կասեցնել մեր պայքարը, քանի որ դրա նպատակը Հայրենիքի ազատագրումն է և ժողովրդավարության հաստատումը: Մեր պայքարի շնորհիվ ժողովրդի և համակարգի ուժերի այսօրվա հարաբերակցությունը կարճաժամկետ հեռանկարում փոխվելու է հօգուտ ժողովրդի: Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր կամքը կպարտադրի նրան ու պատասխանատվության կենթարկի իր իշխանությունը յուրացրած բոլոր հանցագործներին, այդ թվում` նաև այսօր ժողովրդի և օրենքի դեմ բացահայտ ոտնձություններ կատարած ոստիկաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս