Ջիվան Գասպարյանի արձանը կտեղադրվի Աբովյան փողոցում
Aravot.am-ի փոխանցմամբ՝ շուտով Աբովյան փողոցում կտեղադրեն երեք նշանավոր դուդուկահարների` Լեւոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի ևւ Ջիվան Գասպարյանի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ,աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
«Հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ միայն իմ արձանը դրվի: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ասացի, որ միայն իմ արձանը չեմ ուզում, և ցանկություն հայտնեցի, որ կանգնեցվեն նաև դուդուկահարներ Լևոն Մադոյանի և Վաչե Հովսեփյանի արձանները»,- ասել է նա՝ հավելելով, որ ծախսն ամբողջությամբ իր վրա է վերցրել մոսկվայաբնակ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Ջիվան Գասպարյանը կենդանության օրոք կանգնեցվող արձանին նորմալ է վերաբերում. «Կենդանի մարդու արձանը պետք է կանգնեցնեն, ոչ թե մեռած մարդու: Կենդանի մարդու աշխատանքը պետք է գնահատել: Ցավոք նրանք մահացել են, ես էլ հազար տարի չեմ ապրելու»,- ասել է Ջիվան Գասպարյանը:
Դուդուկահարը երբեք էլ չի հրաժարվել դուդուկի դպրոց բացելու իր վաղեմի ցանկությունից, որի իրականացման համար ակնկալում է կառավարության աջակցությունը. «Այսօր էլ եմ ուզում դպրոցը բացել: Ես բիզնեսի համար չեմ ուզում անել եւ անտեր երեխաներից փող աշխատել: Առանց գումարի այդ մուրացկաններին երաժշտություն եմ ուզում սովորեցնել, քանի որ ես հարյուր տարի չեմ նվագելու: Դպրոցում միայն դուդուկ նվագել չեն սովորելու, սովորելու են նաեւ դաշնամուր, շվի եւ այլ երաժշտական գործիքներ: Այսինքն, երեխան սկսի զարգանալ եւ փոքր հասակից տարբեր ժողովուրդների երաժշտությունները տարանջատել իմանա»:
Պարոն Գասպարյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում. «Ես քաղաքականությունով չեմ զբաղվում եւ պետք չէ, որ այս տարիքում խառնվեմ կուսակցական գործընթացներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.