Արա Զոհրաբյան. Փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուԱրա Գագիկի Զոհրաբյանը:
– Այսօր մամուլում լայն տարածում է ստացել այն տեղեկությունը, որ Դուք եք հանդիսանում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու ամենամեծ հավակնություն ունեցող թեկնածուն: Առավել եւս, երբ Պալատի խորհրդի վերջին ընտրություններում Ձեր ստացած կողմ ձայները էականորեն գերազանցում էին մյուս թեկնածուի ձայները: Դուք ինքներդ ինչպես ես գնահատում Ձեր հնարավորությունները:
– Ակնկալում եմ գործընկերներիս՝ փաստաբանական համայնքի աջակցությունը։ Յուրաքանչյուր թեկնածուի հնարավորությունների գնահատականը կտան փաստաբանները՝ ընտրության օրը:
– Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը մյուս թեկնածուների նկատմամբ: Օրինակ` մեզ հայտնի է, որ Պալատի նախագահի թեկնածուներից Կրոմվել Գրիգորյանը ներգրավված է Պալատի հետ դատական գործընթացների մեջ:
– Իմ վերաբերմունքը Պալատի նախագահի բոլոր թեկնածուների վերաբերյալ դրական է, ավելին` թեկնածուներից երկուսին` Կրոմվել Գրիգորյանին և Տիգրան Աթանեսյանին անձամբ ճանաչում եմ և կարծում եմ, որ նրանք փորձառու փաստաբաններ են:
Ինչ վերաբերում է Պալատի խորհրդի որոշումները վիճարկելուն, ապա դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ և միայն այդ իրավունքից օգտվելը իմ համոզմամբ չի կարող ստվեր գցել փաստաբանի հեղինակության վրա:
– Ինչպես եք գնահատում գործող նախագահի՝ Ռուբեն Սահակյանի գործունեությունը:
Ռուբեն Սահակյանի նկատմամբ իմ և փաստաբանների գերակշիռ մասի վերաբերմունքը դրական է, և այդ մասին է վկայում պարոն Սահակյանի վերընտրվելը երկրորդ անգամ: Նրա ավանդն անգնահատելի է փաստաբանության ինստիտուտի կայացման հարցում: Այսօրվա փաստաբանը շատ ավելի պաշտպանված է, շատ ավելի մեծ հեղինակություն է վայելում և շատ ավելի լայն լիազորություններ ունի, քան 8 տարի առաջ: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր փաստաբանական համայնքի կարծիքի հետ հաշվի են նստում։ Այսօր արդեն ստեղծվել է փաստաբանական դպրոց, գործող փաստաբանները մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, օրենքով փաստաբանի անկախության առավել լավ պայմաններ են սահմանվել և այլն:
Որակավորման քննությունների նոր մոդելի ներդրումը Ռուբեն Սահակյանի անմիջական կազմակերպմամբ մի քանի պետությունների փաստաբանական պալատների համար դարձել է օրինակելի նմուշ: Որակավորման քննությունների կողքով նույնիսկ կոռուպցիոն ճնճղուկ չի կարող անցնել, քանի որ այն դրվել է օբյեկտիվ չափանիշների վրա` բացառելով սուբյեկտիվ գործոնը:
Ակնհայտ է փաստաբանության ինստիտուտի զարգացման տենդենցները, որում իր մեծ ներդրումն ունի հենց Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
– Պարոն Զոհրաբյան, համաձայնեք, որ այսօր պալատում կան նաեւ խնդիրներ։
– Պալատը կայացման շատ դժվարին ուղի է անցել եւ այսօրվա խնդիրները չենք կարող համեմատել սրանից օրինակ 10 տարի առաջվա խնդիրների հետ։ Ժամանակի ընթացքում փոխվում են նաեւ պահանջները, մոտեցումները եւ շատ կարեւոր է, որ ժամանակին համընթաց քայլենք եւ փորձենք համատեղ ճիշտ ախտորոշել խնդիրները եւ լուծել դրանք։ Կարծում եմ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ փաստաբանական համայնքն այսօր դարձել է կայուն, ձեւավորված ուժ, որի մասնագիտական կարծիքի հետ դատաիրավապահ մարմինները հաշվի են նստում։ Չեմ խուսափի այդ որակումն օգտագործելուց՝ փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում եւ պետք է կատարեն։ Թե քաղաքացիաիրավական եւ թե քրեաիրավական հարաբերություններում ներկայացնելով պաշտպանյալների, վստահորդների շահերը՝ փաստաբաններիս խնդիրն է թույլ չտալ կամայականություններ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումներ եւ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանել եւ ինչու չէ նաեւ պարտադրել պետական մարմիններին՝ զերծ մնալ խախտումներից։ Այս առումով, բնականաբար, պետք է լիներ նաեւ դիմադրություն։ Անկեղծ ասած ոչ ոք չէր էլ կարծում, որ տարիներ շարունակ մի աշխատաոճ որդեգրած իրավապահ մարմիններն ու դատավորները շատ հեշտությամբ կհրաժարվեն նախկին մեթոդներից ու բարքերից եւ շատ կարեւոր է, որ փաստաբանները կարողանան ներկայանալ որպես հավաքական ուժ։ Պայմանականորեն ասած արտաքին մարտահրավերներին ավելի հեշտ կդիմակայենք, եթե լինենք առավել միասնական եւ պալատի ներսում ապահովենք առողջ, մրցակցային միջավայր։ Ուստեւ կարեւորում են ներքին թափանցիկության ապահովումն ու փաստաբանների ակտիվ ներգրավումը պալատի գործունեության մեջ։ Պետք է նաեւ մենք՝ ինքներս մեր մեջ համարձակություն դրսեւորենք եւ խոսենք մեր խնդիրների, բացթողումների մասին, որովհետեւ նույն այդ հանրությունը, որը շփվում է դատաիրավապահ մարմինների հետ, գործ է ունենում նաեւ փաստաբանների հետ եւ իրենց տեսանելի են նաեւ փաստաբանական համայնքում առկա խնդիրները։ Եվ ես կարեւորում եմ անկաշկանդ քննարկումները եւ պետք է կոշտ արձագանքենք, թե փաստաբանների նկատմամբ գրանցվող ճնշումներին եւ թե առանձին փաստաբանների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վարքագծի դրսեւորումներին։
– Ձեր անվան շուրջ պտտվում են տեղեկություններ, որ Դուք ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեք, օրինակ Սուքիասյանների գործով: Ընդ որում, մամուլում մի քանի տարի առաջ խոսվում էր Ձեր համակարգիչն առգրավելու փորձի մասին հենց այդ գործերից մեկով:
-Ես կուսակցական պատկանելություն չունեմ, իսկ հաճախորդների ընտրության հարցում առաջնորդվում եմ ոչ թե նրանց քաղաքական հայացքների, այլ իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Իրավաբանական օգնության տրամադրման համար էական նշանակություն ունի իրավունքի խախտման հանգամանքը, և եթե իրոք այդպիսին առկա է, կամ մենք ենք կարծում, որ դա այդպես է, ուրեմն էական չէ, թե ով է խախտել այդ իրավունքը:
Իմ կարծիքով, փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները, քանի որ հենց այդ պահից փաստաբանը կանցնի մասնագիտական սահմանը:
Ինչ վերաբերում է համակարգիչս առգրավելու քննիչի փորձին, այո նման բացասական դեպք արձանագրվեց, բայց ի պատիվ մեր փաստաբանական համայնքի պետք է նշեմ, որ փաստաբանների հետ միասին մենք պայքարեցինք այդ արատավոր երևույթի դեմ և հաղթանակած դուրս եկանք: Դա նախադեպային էր և մենք փաստաբաններս պնդում էինք, որ չի կարելի փաստաբանական գաղտնիք պարունակող համակարգիչը առգրավել: 2012թ. հունվարից արդեն Փաստաբանության մասին օրենքով է արգելվել փաստաբանի բնակարանից կամ գրասենյակից առգրավել տեղեկատվական բնույթի փաստաթղթեր կամ կրիչներ (այդ թվում` համակարգիչ): Սա արդեն փաստաբանների պալատի լոբինգի արդյունքն էր։
Սոնա Մաշուրյան
Մանրամասները կարդացեք այստեղ`