«Կադրից դուրս Հակոբ Ինջիղուլյանի վրա մի քանի հոգի զե՞նք են պահել, որ խոսի»
Հակոբ Ինջիղուլյանը քթի միջնապատի երկրորդ կարգի ջարդվածք չունի, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է նրա հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը: «Մեզ համար զարմանալի էր Հակոբի նշած տեղեկությունները: Բայց դե ակնհայտ է, որ ադրբեջանցիների սովորեցրած, ստիպած տեղեկություններն էր հայտնում: Չստացված կլիպ էր: Այդ ռեպորտաժից երևում է Ադրբեջանի մակարդակը: Անգիր արած տեքստ էր Հակոբն ասում, դեռ տեղեր էլ կար, որ զգացվում էր՝ այն, ինչ ստիպողաբար պետք է ասեր, մոռանում էր, իրեն հուշում էին : Հակոբը միայն տեսողական խնդիրներ ունի, բայց քթի միջնապատի կոտրվածք, 4000 դոլար մոտիկ տեղ ծառայելու, 8000 դոլար բանակից ազատվելու մասին ասածները իրականությանը չեն համապատասխանում: Նման բան երբեք չի եղել»,- ասել է Արմանը՝ անդրադառնալով օգօստոսի 21-ին համացանցում հայտնված Ադրբեջանում գերեւարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցազրույցին: Արման Ինջիղուլյանը նաև հերքել է, թե եղբայրը հրամանատարի հետ խնդիրներ է ունեցել կամ վեջինս Հակոբին վիրավորել ու հայհոյել է վատ կրակելու համար:
Ըստ ադրբեջանական տեսանյութի, որտեղ Հակոբը վստահեցնում է, որ իրեն շատ լավ է զգում ադրբեջանական համազգեստով, Արման Ինջիղուլյանը բացառել է. «Բոլոր գիտակից մարդիկ էլ պետք հասկանան, որ ստիպել են, որ նման բաներ ասի: Անգամ կադրից դուրս հնարավոր է հարցազրույցի ժամանակ մի քանի հոգի զենքը պահել են վրան, ինքը խոսում է: Մենք նկատել ենք նրա լարվածությունը, հուզված էր, անհանգիստ, իր նման չէր»: Անդրադառնալով քննադատություններին, թե հայ զինծառայողն ինչպես կարող էր նման հարցազրույց տալ, Արմանը հավելել է. «Անուղեղ մարդիկ, որոնք չեն հասկանում թշնամու ձեռքն ընկնելիս ինչ կարող է լինել, դրա համար պետք է քննադատեն: Գիտակից մարդիկ հասկանում են, թշնամու ձեռքն ընկնելիս ինչ կարողէ հետը կատարվել…Կարմիր խաչի կրիայի նման շարժուձևից է, որ այսպիսի բաներ են լինում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով