Դավիթ Հակոբյան. Բոլոր քաղաքական ուժերն այնքան վարկաբեկված են, որ միավորումն առանց առանցքային լիդերի պետք է լինի (տեսանյութ)

Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած համաժողովին ներկա էր նաև Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: 168.am-ի հետ զրույցում իր ներկայությունը մարքսիստը բացատրեց այսպես. «Ես ողջունել եմ կլոր սեղանի սկզբունքը, որովհետև ազգը իր բոլոր սոցիալական սֆերաներով հանդերձ՝ մասնատված է: Միասնական ուժերով պետք է հասնենք խնդրի լուծմանը, անցկացնենք արտահերթ պառլամենտական ընտրություններ, ընտրենք նոր Կառավարություն, Սահմանադրությամբ փափուկ ձևով անցնենք վարչապետական ինստիտուտի»:

Մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է համախմբման առանցք դառնալ, Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Ոչ ոք: Բոլոր քաղաքական ուժերն այնքան վարկաբեկված են, ժողովրդի կողմից վստահությունը կորցրած, որ միավորումն առանց առանցքային լիդերի պետք է լինի: Լիդերը կծնվի՝ նա նշանակովի կամ հռչակելով չի լինում: Սկզբունքը միաբանվելն է՝ առանց նախնական լիդերի հորջորջման»:

Այն հարցին, թե գալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, նա ի՞նչ ակնկալիքներ ունի, Դ. Հակոբյանը պատասխանեց. «Ես որ գալիս եմ միտինգներին, երբեք ակնկալիք չունեմ ելույթ ունենալու, դրույթները շարադրելու: Իմ ներկայությունն արդեն իսկ նշանակում է՝ նրանց աջակցել, հոգեբանական ստիմուլ հանդիսանալ: Ես նրանց հետ կապ չունեմ, նրանց թիմի անդամ չեմ, ընդհանրապես նրանք ինձնից շատ հեռու են փախչում, ինչպես ՀՀՇ-ականները կամ Հանրապետականները… նույն բանն են»:

Հարցին, թե ինչո՞ւ են հեռու փախչում, նա պատասխանեց. «Այդ արդեն իրենց հարցրեք: Ես միշտ պատրաստ եմ իմ գաղափարներով լինելու աջակից, իսկ եթե իմ գաղափարները նրանց անհրաժեշտ չեն, ապա իմ ներկայությամբ թևավորում եմ, տալիս եմ սալիդարնոստ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս