«Ռեժիմը մտել է փակուղու մեջ` չգիտի` ո՞ւմ ծախվի, ո՞ւմ տրվի, ո՞նց հայթայթի իր գոյատևման ռեսուրսներ»
Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող տարբեր քաղաքացիական զարգացումները՝ շատերը կանխատեսում են թեժ աշուն:
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեսանելի՞ է իրեն «թեժ աշնան» գալուստը: «Երկրի վիճակը ծայրահեղ վատ է: Մի կողմ դնենք այն խնդիրը, որի շուրջ փորձում են աշնան թեժությունը կառուցել. այն է` Հայաստանը կընտրի Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին: Անգամ եթե այս խնդիրն էլ չլիներ` Հայաստանը ծանրագույն վիճակում է գտնվում, իշխող ռեժիմը հնարավորություն չունի անգտամ ապահովելու ՀՀ ֆինանսական ապահովությունը: Այն գումարները, որոնք «կպցրել» էին, իրենց լեզվով ասած, մսխել են և հիմա ՀՀ-ին զարգացման համար ոչ ոք փող չի տալիս»:
Ըստ ՀԱԿ պատգամավորի` խնդրի լուծումը տեսանելի չէ: Նրա խոսքով, ստեղծվել են բոլոր նախադրյալները, և իշխող ռեժիմը խոցելի, փխրուն վիճակում է. «Իշխանությունները գնացին ընտրական ցիկլի խայտառակ կեղծմանը` չլուծելով երկրի խնդիրներն ու մտնելով ընտրողների հետ տարօրինակ հանցավոր հարաբերությունների մեջ, կաշառեցին մարդկանց… Իրենց կեղծված, փառավոր հաղթանակը նրանք ձեռք են բերել պետության համար մի ահավոր գնով, մեծ գին են վճարել, որի տակից պետք է դուրս գան: Ու ոնց են դուրս գալո՞ւ: Ռեժիմը մտել է փակուղու մեջ` չգիտի` ո՞ւմ ծախվի, ո՞ւմ տրվի, ո՞նց հայթայթի իր հետագա գոյատևման համար պետքական ռեսուրսներ»:
Լևոն Զուրաբյանի գնահատմամբ` այս ամենի ֆոնին ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, որից դուրս գալու համար հայ ժողովուրդը պետք է պատասխան տա. «Կամ ուժ են վերագտնում ու փոխում այս ամենը, կամ` գնում ենք դանդաղ կործանման` զիջելով աշխարհաքաղաքակն դիրքերը»: