
Աղջկան հանգիստ թողնելու համար՝ տղային նույնիսկ Սևանի գաղութից էին զանգահարել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությանը ավարտվեց նախկինում դատապարտված Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին գրում է iravaban.net-ը՝ հղում անելով դատական տեղեկատվական համակարգին:
Ամբաստանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը: Նախաքննության ընթացքում Սուրեն Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Տուժող Անի Մանուկյանը (անունները փոխված են) ոստիկանությանը հայտնել է, որ ամբաստանյալը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012թ. հոկտեմբերից սկսած պարբերաբար հանդիպել է շենքի մուտքում կամ այցելել իր բնակարան և սպառնացել, որ մարմնական վնասվածք կպատճառի իրեն և երկու անչափահաս երեխաներին, խնդիրներ կառաջացնի իր համար, եթե կանխիկ գումար չտա:
Քանի որ ամբաստնյալը նախկինում դատապարտվել է դանակահարության և ավազակային հարձակման համար, Անին վախեցել է նրա սպառնալիքներից և պարբերաբար տվել է 3000-ից 5000 ՀՀ դրամ, ինչպես նաև լիցքավորման քարտեր, որոնք փոխանցել է անձամբ, կամ դստեր` Արմինեի միջոցով:
Սակայն երկու անգամ հրաժարվել է գումար տալուց, ինչի արդյունքում Սուրենը ներխուժել է իր բնակարան, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ ինքը տուժողին ճանաչել է դեռևս մանկուց և վերջինիս հետ ունեցել են լավ հարաբերություններ: Սուրեն Խաչատրյանը նշել է նաև, որ Անիի խնդրանքի համաձայն՝ իր լուսանկաչական ապարատը վաճառել է նրան 30 հազար դրամով: Միաժամանակ ձեռ են բերել փոխադարձ պայմանավորվածություն, որ գումարը կվճարվի մաս-մաս:
Գործով մեղադրյալ Սուրեն Խաչատրյանը Անիին արգելել է շփվել մարմնավաճառությամբ զբաղվող իր երկու ընկերուհիների հետ: Մի քանի օր անց ամբաստանյալին են զանգահարում Սևանի գաղութից և պահանջում, որ ինքը հանգիստ թողնի Անիին և թույլ տա մարմնավաճառությամբ զբաղվել: Դա շատ է զայրացրել մեղադրյալին: Գնացել տուժողի տուն և սկսել վիճել նրա հետ: Հենց այնտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանություն:
Գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, որ տուժողը ամբաստանյալին գումարներ է տվել վերջինիս կողմից բռնության գործադրման սպառնալիքով՝ վախի ազդեցությամբ: Ավելին, գործով հարցաքննված վկաներից ոչ ոք, այդ թվում նաև տուժողի աղջիկները, չեն հաստատել այնպիսի հանգամանք, որ ամբաստանյալը տուժողին բռնության գործադրման սպառնալիքներ է տվել:
Հաշվի առնելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, Սուրեն Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Սակայն մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել տուգանքով՝ ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով` 100 հազար ՀՀ դրամ:
Ինչպես նաև դատարանը վճռեց, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստի դահլիճից:
Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:
Կարդացեք այստեղ.