Լոռու դատախազ. Մարդիկ իրար հետ մի բաժակ խմում են, հետո դանակահարում մեկը մյուսին՝ վիճաբանելով ճղճիմ թեմաներով
Լոռու մարզում այս տարվա առաջին կեսին, գրեթե բոլոր հանցատեսակների նվազման հետ մեկտեղ, գրացվել է դանակի գործադրմամբ հանցագործությունների զգալի աճ: Այս մասին այսօր` օգոստոսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լոռու մարզի նորանշանակ դատախազ Հակոբ Ղարախանյանը: Նա նշել է նաև, որ դանակի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների մեծ մասը կատարվում է խնջույքների ժամանակ ու դրանցից հետո. «Մարդիկ իրար հետ մի բաժակ խմում են, հետո դանակահարում մեկը մյուսին՝ վիճաբանելով ճղճիմ թեմաներով, օրինակ՝ ինչո՞ւ իմ կենացը չխմեցիր և այլն: Այստեղ արդեն կա կենցաղավարության խնդիր, մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր»,- ասել է նա:
Այս հանցատեսակից բացի, մարզում մտահոգիչ է նաև ավազակային հարձակումների դեպքերի թիվը: Ըստ Լոռու մարզի դատախազի, սակայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարզում վնասազերծվել է հանցավոր մի խումբ, որը բազմաթիվ՝ տասնյակից ավելի, գողություններ էր կատարել մարզի տարածքում:
Գրեթե բոլոր մյուս հանցատեսակներում կա ցուցանիշի նվազում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նվազել են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, մասնավորապես` կա ավազակային հարձակումների, կողոպուտների դեպքերի իսպառ բացակայություն, անցած 6 ամիսների ընթացքում` սպանության մեկ դեպք: Իսկ, ընդհանուր առմամբ, Լոռու դատախազ Հակոբ Ղարախանյանի հավաստմամբ, հանցագործությունների ընդհանուր թիվը մարզում կայուն է:
Լուսանկարը՝ հեղինակի