Բաժիններ՝

Հարկերն արդեն կարելի է վճարել առցանց. Փորձնական վճարումներ կատարվել են և այն աշխատում է

Այսուհետ ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցները, մանր և միջին ձեռնարկատերերը կկարողանան էլեկտրոնային (առցանց) եղանակով վճարել հարկերը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը, նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը նոր ծառայությամբ:

168.am-ի հարցին՝ կա՞ն արդեն վճարողներ, Տիտիզյանը պատասխանեց, որ դեռ ոչ, համակարգը երեկ է գործարկվել, բայց փորձնական վճարումներ կատարվել են և այն աշխատում է:

Համակարգն առցանց վճարումների ժամանակ ստուգում է վճարողի կողմից մուտքագրված հարկատուի ՀՎՀՀ-ի և տվյալ հարկատեսակի գանձապետական հաշվեհամարի իսկությունը ՀՀ պետական ռեգիստրում գոյություն ունեցող ՀՎՀՀ-ների համապատասխան հենքի ու գանձապետարանում առկա գանձապետական հաշիվների հետ: Բացի այդ` համակարգ է մուտքագրվում (համակարգից ընտրվում է) նաև համապատասխան ՏՀՏ-ն, որից հետո միայն թույլատրվում է կատարել առցանց վճարում: Առցանց կատարված վճարումները ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշիվներին հաշվեգրվում են հաջորդ աշխատանքային օրը, եթե վճարումը կատարվել է մինչև գործառնական օրվա ավարտը, այսինքն 16:00, իսկ եթե կատարվել է 16:00-ից հետո, ապա մեկ աշխատանքային օր հետո, որի համար համակարգում կա համապատասխան հղում:

Համակարգն ի սկզբանե հնարավորություն էր տալիս էլեկտրոնային եղանակով վճարել ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը, ինչպես նաև վարչական տուգանքները:

Կարդացեք նաև

Ի դեպ, ըստ Տիտիզյանի, երկար բանակցություններից հետո նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել PayPal համակարգի հետ և արտերկրում գտնվողները կկարողանան դոլարով ու եվրոյով վճարումներ կատարել հյուպատոսական համակարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս