ՀՀ ոստիկանություն. Դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում 2013թ. մարտի 20-ին ստացվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած՝ դիմումն այն մասին, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցով երթևեկելիս իրեն թվացել է, որ Ճանապարհային ոստիկանության ՃՈ 1103 կողային համարով պարեկային ավտոմեքենան «կանգ» ազդանշան է տվել:
Ինքն իր մոտ եղած տեսախցիկը միացրած վիճակում մոտեցել է ՃՈ տեսուչին, ով տվյալ պահին մեկ այլ վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Պարզելով, որ իրեն չեն կանգնեցրել, ցանկացել է հեռանալ: Այդ պահին պարեկային ավտոմեքենայում գտնվող ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանն իրեն հայհոյել է, այնուհետև հարվածել է դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Հ.Հովհաննիսյանը դիմումին կից ներկայացրել է վերոհիշյալ միջադեպի տեսագրությունը և խնդրել պատասխանատվության ենթարկել ՃՈ կարգազանց տեսուչ Ռոբերտ Վարդանյանին: Միաժամանակ նշել է, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նույնաբովանդակ դիմումներ է հասցեագրել տարբեր պատկան մարմինների, այդ թվում՝ ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայութան պետին, սակայն իր դիմումներին ընթացք չեն տվել, բոլոր ատյաններում Ռ.Վարդանյանին հովանավորել են, քանի որ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել և իր նկատմամբ անմիջապես դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2013թ. մարտի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ սպայական դասակի տեսուչներ՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Ռոբերտ Վարդանյանը և ոստիկանության կապիտան Վանիկ Ղազարյանն իրենց ամրակցված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, «1103» կողային տարբերանշանով պարեկային ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կենտրոնականի վարչական տարածքում: Վազգեն Սարգսյան փողոցում վարչական իրավախախտում թույլ տալու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: ՃՈ տեսուչ Վանիկ Ղազարյանը մոտեցել է խախտում կատարած վարորդ Ն. Ա.-ին և պարզաբանել կատարած խախտման էությունը, ապա կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանը սահմանված կարգի համաձայն մնացել է ավտոմեքենայում: Այդ ընթացքում ՃՈ տեսուչ Վ.Ղազարյանին և վարորդ Ն.Ա.-ին է մոտեցել Հրանտ Հովհաննիսյանը և տեսանկարահանող սարքով նկարահանել նրանց: Նա հետաքրքրվել է քաղաքացուն կանգնեցնելու պատճառների մասին և պատասխանը ստանալով՝ հեռացել դեպի իր ավտոմքենան, սակայն, իբր հայհոյանք լսելով` շրջվել ու մոտեցել է պարեկային ավտոմեքենայի ղեկին նստած ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանին և նրանից բացատրություն պահանջել: Ռ.Վարդանյանը պահանջել է, որ Հ.Հովհաննիսյանը հեռանա ու չխանգարի իրենց ծառայությանը: Վ.Ղազարյանի հորդորներից հետո միայն Հ.Հովհաննիսյանը հեռացել է` ասելով, որ Ռ.Վարդանյանն իրեն հայհոյել է և հարվածել: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Հրանտ Հովհաննիսյանն ու ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանի հայր Ստյոպա Վարդանյանն Արագածոտնի մարզի Ներքին Արթիկ գյուղի նախկին բնակիչներ են և բնակվել են հարևանությամբ: Հրանտ Հովհաննիսյանը վերոհիշյալ գյուղում գտնվող հայրական տունը տարիներ առաջ վաճառել է Ստյոպա Վարդանյանին, սակայն հետագայում մտափոխվել է և հետ պահանջել: Տվյալ հանգամանքը վերադասության կարգով քննարկվել է տարբեր դատական ատյաններում, սակայն վճիռները կայացվել են Ստյոպա Վարդանյանի օգտին, ուստի 2010 թվականից սկսած Հրանտ Հովհաննիսյանը տարբեր պատկան մարմինների դիմում-բողոքներ է հասցեագրել Վարդանյանների նկատմամբ: Պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանի նույնաբովանդակ դիմումի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ուստի 2013 թ. ապրիլի 22-ին սկսվել է ծառայողական քննություն, որի ընթացքը կասեցվել է, որոշվել է դրան անդրադառնալ հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը Հրանտ Հովհաննիսյանին չի հարվածել, նրա հասցեին չի հայհոյել, ուստի քրեական գործի վարույթը 2013 թ. հունիսի 14-ին կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Հրանտ Հովհաննիսյանի կողմից Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ՝ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է դատարան: Վերը նշվածի կապակցությամբ Հրանտ Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշած հանգամանքները և հավելել, որ նախկինում նույնպես Ռ.Վարդանյանն իր հասցեին հայհոյել է և փորձել է իրեն հունից հանել, սակայն ինքը չի գնացել սադրանքների: Նշել է նաև, որ ինքը ոստիկանության որևէ ծառայողի նկատմամբ բողոք չունի և իր բողոքը ուղված է միայն Ռոբերտ Վարդանյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը ՆԱ վարչությունում տված բացատրությամբ հերքել է Հրանտ Հովհաննիսյանի նշած հանգամանքները և հավելել, որ նա տարբեր ատյաններ անհիմն պատճառներով ներկայացրած դիմում-բողոքներներով նպատակ է հետապնդում վարկաբեկել իրեն. ինքը Հրանտ Հովհաննիսյանին երբևէ չի հայհոյել և չի հարվածել: Հրանտ Հովհաննիսյանի նշած հանգամանքները հերքվել են նաև ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Վանիկ Ղազարյանի և վերոհիշյալ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդ Ն. Ա.-ի բացատրություններով, ինչպես և Հրանտ Հովհաննիսյանի կողմից դիմումին կից ներկայացրած տեսագրության ուսումնասիրությամբ, ըստ որի` ՃՈ տեսուչ Ռոբերտ Վարդանյանը Հրանտ Հովհաննիսյանին չի հայհոյում և չի հարվածում: Ծառայողական քննության ընթացքում Ներքին անվտանգության վարչությունում ստացվել են Հրանտ Հովհաննիսյանի ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրած 23.05.2013թ. և 31.05.2013թ. թվագրմամբ նույնաբովանդակ դիմումները, որնց կից ներկայացրել է տեսագրություններ և նշել, որ տեսագրություններում արծարծված են ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի հանցավոր գործողությունները: Դրանց ուսումնասիրությամբ ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի կողմից ինչպես քրեաիրավական, այնպես էլ կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել: Հարկ է նշել, որ դեռևս 2011թ. դեկտեմբերին Հրանտ Հովհաննիսյանը դիմում է հասցեագրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այն մասին, որ Ռոբերտ Վարդանյանի հայր Ստյոպա Վարդանյանի կողմից բնակարանը և հողատարածքն ապօրինի զավթելու վերաբերյալ ոստիկանության Թալինի բաժնում օբյեկտիվ քննություն չի իրականացվել և իրենց միջև առկա վիճելի հարցերը որակվել են որպես քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություն: Վերոգրյալի կապակցությամբ Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ Հ.Հովհաննիսյանի դիմումում նշած հանգամանքները չեն հիմնավորվել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, ինչի մասին դիմումատու Հ.Հովհաննիսյանը գրավոր տեղեկացվել է: Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ Հրանտ Հովհաննիսյանի դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել: Դրանք հերքվել են ինչպես ոստիկանության ծառայողներ Ռոբերտ Վարդանյանի, Վանիկ Ղազարյանի, քաղաքացի Ն. Ա.-ի բացատրություններով և դիմումատու Հրանտ Հովհաննիսյանի ներկայացրած տեսագրությունների ուսումնասիրությամբ, այնպես էլ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Ոստիկանության կապիտան Ռոբերտ Վարդանյանը կարգապահական կամ այլ բնույթի խախտում թույլ չի տվել, ղեկավարության կողմից բնութագրվում է դրական: Ելնելով վերոգրյալից՝ որոշվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության արդյունքները թողնել անհետևանք: