Ազատամարտիկների հավաք Վանաձորի Հայքի հրապարակում
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Վանաձորի Հայքի հրապարակում հավաք են կազմակերպել Արցախյան պատերազմի ազատամարտիկները: Նրանք անժամկետ նստացույց են հայտարել և պատրաստվում են հանդես գալ ի պաշտպանություն բոլոր ազատամարտիկների և պատերազմում զոհվածների ընտանիքների: Նրանք հայտարարում են, որ այլևս չեն հանդուրժելու պետական բարձիթողի իրավիճակը: Ազատամարտիկները բարկացած ներկայացնում են իրենց պատմությունները և պահանջում են կատարել իրենց ներկայացրած պահանջները: Ազատամարտիկների հավաքին մասնակցում է նաև Գյումրեցի ազատամարտիկ Վասիլյանի ջոկի զինվոր Յուրիկ Աթոյանը, ով ներկայացրեց ազատամարտիկների հանդեպ պետական անմարդկային քաղաքականությունը, ազատամարտիկների վատ ֆինանսական վիճակը և ղեկավարության անհարգալից վերաբերմունքը:
Ռուբիկ Մնացականյանը շատ վրդովված պահանջում էր պարզապես մարդկային հարգանք դրսևորել իրենց հանդեպ: «Մենք գնացել ենք կռվել ենք ձեր բոլորի համար, որ չկրկնվի 15 թիվը, մենք չենք կռվել նրանց աթոռների համար, որ հիմա նստել են, մեզ էլ ասում են՝ ձեզ ո՞վ էր ասում գնայիք պատերազմ, չգնայի՛ք»,- ասել է նա, ով մեծ ներդրում ունենալով մեր պետության անկախության կայացման գործում, հնամաշ զինվորական համազգեստով էր:
Հավաքին ներկա Նորայր Սարգսյանը նշեց, որ իրենց պահանջները մեծ և անհնարին չեն և իրենք պահանջում են պարզ մարդկային վերաբերմունք: Նա նշեց, որ իրեն մեծ դժվարությամբ են կարողացել փրկել, իսկ որդուն, ով իր հետ գնացել է պատերազմ, փրկել չի հաջողվել: Նա վրդովված է, որ պատերազմում կյանքի գնով հաղթանակ տարած զինվորների համար չկան ապրելու նվազագույն պայմաններ և ազատամարտիկները օրահաց վաստակելու համար գնում են արտագնա աշխատանքի:
Ազատամարտիկները նեղսրտում են. « Պատերազմում պարտված Ադրբեջանում պատերազմի մասնակիցներին 1000-1500 ԱՄՆ դոլար փող են տալիս, իսկ մեզ գրոշներ»: Հայքի հրապարակում ազատամարտիկների հետ հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արք. Չուլջյանը և Լոռու մարզի ոստիկանության վարչության բաժնի պետ Ա. Ղազարյանը ովքեր ասացին, որ կփորձեն օգնել ազատամարտիկներին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակը աջակցում է ազատամարտիկների բողոքին և հուսով է, որ նրանց կողմից ներկայացված պահանջները շուտափույթ կբավարարվեն: Մինչ այդ գրասենյակի անձնակազմը պատրաստ է հնարավորինս աջակցել հավաքի մասնակիցներին: