
Մահացու վրաերթ Շիրակի մարզում

Օգոստոսի 22-ին, առավոտյան մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում: Ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, ժամը 09:20-ի սահմաններում 30-ամյա Վաղինակ Գևորգյանը, ով հանդիսանում է Կապս համայնքի բնակիչ, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին: Տղամարդը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը:
Արմեն Կարապետյանը կայքի հետ զրույցում ասել է, որ մահացած տղամարդը Մարմաշեն համայնքի բնակիչ էր: Mercedes-ի վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Տեղում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ աշխատանքներ են իրականացրել նույն կառույցի աշխատակիցները: Փաստի առթիվ քննությունը վարելու իրավունքը ստանձնել է ՌԴ զինվորական դատախազությունը, քանի որ, ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, Mercedes-ի վարորդ Վաղինակ Գևորրգյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ Զինված ուժերում: