Գյուղնախարարության երեք աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին
ՀՀ գյուղնախարարության աշխատակիցների վերաբերյալ հերթական գործն է ուղարկվել դատարան։ Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո»-ին, մեղադրանք է առաջադրվել 3 աշխատակցի։ Մասնավորապես՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանին, ով ըստ նախաքննական մարմնի, 2011-2012թթ. ընթացքում «Աթենք», «Վաս Գրուպ» ՍՊԸ տնօրեններին և «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ի հաշվապահական ծառայություններ մատուցող Արտյոմ Մկրտչյանին իրացրել է սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ: Մեղադրանքի համաձայն, կեղծ գրքույկները տրամադրվել են գումար աշխատելու նպատակով։
Նույն գործով մեղադրանք է առաջադրվեք նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Կոստանյանին։ Վերջինս էլ մեղադրվում է նույն ծառայության սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Արթուր Վարժապետյանի զգալի չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արթուր Վարժապետյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել մոտ մեկ տարի առաջ եւ դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (2դրվագ) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով` կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով մեկ տարի ժամկետով:
Հաջորդ մեղադրյալը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մկրտչյանն է։ Նա էլ, նախաքննական մարմնի գնահատմամբ, գումար վաստակելու նպատակով կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ իրացնելու դիտավորությամբ իր ծանոթ Արթուր Նալբանդյանին պատվիրել և ձեռք է բերել «Երևանի թիվ 1 պոլիկնիլիկայի» կեղծ կնիք և բժիշկների տարբերանշաններով 11 հատ կեղծ դրոշմակնիքներ:
Իսկ Արթուր Նալբանդյանն էլ մեղադրվում է Աշոտ Մկրտչյանի պատվերով կեղծ դրոշմակնիքները պատրաստելու մեջ։
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ