Սամվել Հովհաննիսյանի գործով հարցաքննվեցին տուժողներն ու «տուժողակերպ» վկան
2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով այսօր շարունակվեց դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Տուժող Սամվել Մալխասյանը հայտնեց, որ երկու բնակարան է գնել «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող շենքում՝ մեկն իր, մյուսը՝ իր հարազատի համար՝ 8-րդ և 2-րդ հարկերում: Ըստ նրա՝ շենքը պատկանում էր Սամվել Հովհաննիսյանին, նա էլ հանդես էր գալիս որպես վաճառող: 8-րդ հարկում կառուցվող իր բնակարանը նոտարով վավերացված առուվաճառքի պայմանագրով պետք է իրեն հանձնվեր մինչև 2010թ. դեկտեմբերը՝ բնակարանի համար տուժող գնորդը վճարել է գումարն ամբողջությամբ՝ 22 մլն. դրամից ավելի: Գումարը նոտարի ներկայությամբ տվել է անձամբ Սամվել Հովհաննիսյանին, նա էլ փոխանցել է մեկ այլ անձի, որին ինքը չի ճանաչում: Ընդ որում, վաճառողը գնորդին անդորրագիր չի տվել՝ նշելով, որ առուվաճառքի պայմանագրում նշված է վաճառքի գինը:
Ավելի ուշ պարզվել է, որ կառուցվող շենքում սկսվել է սնանկության գործընթաց, ինչը Սամվել Հովհաննիսյանն, ըստ տուժողի, հերքում էր, ապա սնանկության գործընթացի կառավարիչ նշանակված Արսեն Չիչյանից տեղեկացել է, որ 8-րդ հարկի բնակարանը սնանկության հանձնաժողովին չի ներկայացվել: Ս.Հովհաննիսյանի պարզաբանմամբ, «պտիչկա եմ դրել, որ հարկային դաշտում չերևա», ավելի ուշ պարզվել է, որ հիշյալ բնակարանը վաճառվել է մեկ այլ անձի ևս՝ Նունե Սարգսյանին, ինչը Սամվել Հովհաննիսյանը հերքել է, թե Ն.Սարգսյանին չի վաճառվել, թյուրիմացություն է: Մինչ օրս 8-րդ հարկի բնակարանի հարցը «օդում կախված է», ուստի տուժողը նախկինի պես պահանջում է բնակարանը կամ գումարը:
Նունե Սարգսյանն, ով գործով վկա է, նույնպես հայտնեց դատարանին, որ շենքի տերը Սամվել Հովհաննիսյանն էր: Վկան, շրջվելով Սամվել Հովհաննիսյանի կողմը, հայտարարեց. «Դուք եք ներկայացել որպես տերը, հաշվարկներ արել»:
Տուժող Սամվել Այվազյանին բաժին է ընկել բնակարան, որը, ինչպես հետագայում է պարզվել, երեք հոգու է վաճառված, «որից մեկը ես եմ»: Տուժողը հավելեց՝ «պայմանավորվել, ընդհանուր հայտարարի ենք եկել Սամվել Հովհաննիսյանի հետ, նրան էլ տվել եմ գումարը»: Բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրում 20 մլն. դրամի փոխարեն գրվել է 11 մլն., ինչն, ըստ տուժողի, Ս.Հովհաննիսյանը պատճառաբանել է հարկային խնդիրներով:
Տուժող, Հովհաննիսյան ընտանիքի վաղեմի հարևան Արուսյակ Մուրադյանը հայտարարեց, որ բնակարանի դիմաց անձամբ Սամվել Հովհաննիսյանին գումար չի տվել, ճիշտ է, եղել է դեպք, երբ փողը տվել է նրա հորը՝ Թելման Հովհաննիսյանին, և Ս.Հովհաննիսյանը ներկա է եղել: Մինչդեռ որպես վկա ու տուժող Արուսյակ Մուրադյանը նախաքննության ընթացքում, մասնավորապես, հայտնել էր, որ գումարը առձեռն տվել է Սամվել Հովհաննիսյանին՝ «պայմանավորվածությունները, վճարումները Սամվել Հովհաննիսյանի հետ են եղել», սակայն «ձևական առումով ստորագրել է Թելման Հովհաննիսյանը»: Տուժողը նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո էլ հայտարարեց, որ Սամվել Հովհաննիսյանից պահանջ չունի, ըստ նրա՝ ինքը պահանջ ունի «Սամոշ» ՍՊԸ-ից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ՝ օգոստոսի 28-ի դատական նիստում ցուցմունքներ կտան վկաները:
Մանրամասները կարդացեք այստեղ՝