Աստղիկ Գևորգյան. «Որևէ մեկին աշխատանքից ազատելը ակտիվիստների լիազորությունների մեջ չի մտնում»
«Այսօր ես քաղաքապետի կողմից տեսնում եմ քաղաքացիական արիություն, սկզբունքայնություն: Այս քայլով քաղաքապետը ցույց տվեց, որ անհրաժեշտ է հաշվի նստել քաղաքացիական հասարակության կարծիքի հետ»,- մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման կասեցման որոշման մասին: Չնայած կասեցման որոշումն արդեն առկա է, սակայն հասարակությունը սպասում է նորանոր զարգացումների, քանզի դեռևս հանձնաժողովը վերջնական եզրակացություն չի ներկայացրել: Իսկ քանի որ նման կասեցումը ժամանակավոր էր, ու մինչ հանձնաժողովը կքննարկեր հարցը, ակտիվիստներից ոմանք առաջադրեցին մեկ այլ պահանջ՝ պատասխանատու պաշտոնյաներին պաշտոնանկ անել:
«Ակտիվիստները չպետք է իրենց առջև խնդիր դնեն՝ որևէ մեկին աշխատանից ազատելու կամ չազատելու հարցը, դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում, այլ բոլորովին ուրիշ լիազորություններ են»,- ասաց Աստղիկ Գևորգյանը՝ ավելացնելով, որ նստացույց անցկացնողների կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալու առաջարկին տարօրինակ պատասխանելը ստիպում է այլ կարծիք ձևավորել:
«Ակամայից ես ստիպված եմ մտածել, որ երևի թե ճիշտ են այն լրատվամիջոցները կամ այն գործիչները, ովքեր ասում են, թե այս խմբերն ինչ-որ տեղից ուղղորդված են, ես չեմ կարող դա հաստատել, չեմ էլ ուզում վատը մտածել մեր երիտասարդների մասին: Ես շատ եմ սիրում մեր երիտասարդների նախանձախնդրությունը, պայքարելու ոգին, այն կամքն ու արիությունը, որ դրսևորում են հանրությանը հուզող հարցերը բարձրաձայնելիս»:
Աստղիկ Գևորգյանի խոսքով՝ արդեն ժամանակն է՝ բանակցությունների, քննարկումների, երկխոսությունների միջոցով խնդրին լուծումներ տալ:
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բանակցություններ է վարում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների, հանրային խորհրդի, տնտեսագիտական կառույցների հետ՝ խնդրելով անկախ հանձնաժողովի կազմման համար ներկայացնել մասնագետներ, ովքեր քննարկումների ու հաշվարկների միջոցով կներկայացնեն վերջնական արդյունքը», – ավելացրեց Աստղիկ Գևորգյանը: