Ահազանգ. Գետահովիտ գյուղի 90 տուն ենթակա է փլման (լուսանկարներ)
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի սողանքային Գետահովիտ գյուղը լուրջ վտանգի առաջ է կանգնել, և ստեղծված վիճակն արդեն տասնյակ տարիների արդյունք է: Խնդիրն ավելի է սրվել վերջին տարիներին: Ներկա դրությամբ գյուղի 90 բնակարաններ համապատասխան մարմինների կողմից ճանաչվել են 4-րդ կարգի վթարային, այսինքն` քանդման ենթակա: Չնայած մասնագետների տված եզրակացություններին, որ բնակիչները ժամ առաջ պետք է դուրս գան բնակարաններից, սեփականատերերը բնակարանները չեն լքում, պատճառը` բնակվելու այլ տեղ չունենալն է:
Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի կառավարությունն արդեն իսկ մեկ ընտանիքի փոխհատուցում է տվել, որպեսզի լքի բնակարանը և նորը կառուցի, ևս 13 ընտանիքների ցուցակն ուղարկվել է կառավարություն` փոխհատուցման նպատակով: Գյուղապետի փոխանցմամբ՝ մյուս 73 ընտանիքների փաստաթղթերն ուսումնասիրման փուլում են, նրանցից շատերը հրաժարվում են փոխհատուցումից:
Թե ե՞րբ վերջնականապես կլուծվի սողանքային Գետոհվիտի բնակիչների հարցը, գյուղապետը չկարողացավ հստակ նշել, սակայն համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս փաստեց, որ նշված բնակարանները, որոնք գտնվում են սողանքային գոտում, ամեն պահի կարող են փլվել, մանավանդ, որ նախորդ տարի մի քանի բնակարաններ հողին են հավասարվել:
Լուսանկարները` հեղինակի