
Սպիտակ տունը վիրավորական է համարել Իսրայելի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էարնեսթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում և դատապարտման արժանի է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Իսրայելը, իբրև թե, մասնակից է Եգիպտոսի արյունալի իրադարձություններին.
«Մենք խստապես դատապարտում ենք Էրդողանի հայտարարությունը: Վիրավորական, ապակառուցողական ու սխալ է կարծելը, թե Իսրայելը մասնակից է Եգիպտոսի վերջին իրադարձություններին»: Էարնեսթը կարևորել է տարածաշրջանի բոլոր երկրների և աշխարհի առաջատար երկրների առաջնորդների կողմից համատեղ աշխատանքներ տանելը՝ կապված Եգիպտոսում ստեղծված իրավիճակը կառուցողական երկխոսության միջոցով կարգավորելու համար:
Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում երեկ հայտարարել է, որ Եգիպտոսի իրադարձությունների հետևում «կանգնած» է Իսրայելը, և որ, իբրև թե, գոյություն ունի նման պնդման ապացույց: