
Աղստև գետը աղտոտողները Իջևանում տուգանվել են (լուսանկարներ)

Տավուշի մարզի Աղստև գետի վիճակն, ի տարբերություն նախորդ տարիների, քիչ թե շատ բարելավվել է: Մասնավորապես մեկ ամիս առաջ Իջևանի քաղաքապետարանը մեծ տեխնիկա է իջեցրել գետը՝ հեռացնելով ողջ աղբը: 168.am-ի թղթակցի հետ զրույցում Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանն ասաց, որ այս պահի դրությամբ տեխնիկայով մաքրվել է գետի երկու կողմերով շուրջ 3 կմ հատված և մաքրման աշխատանքները շարունակվում են: Փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ իրենք մի քանի բնակիչների, մասնավորապես՝ գետամերձ սննդի օբյեկտների տերերին տուգանել են 20 հազար դրամով, ինչի արդյունքում նրանք այլևս սննդի մնացորդներն ու այլ աղբը դադարել են լցնել գետի մեջ:
Չնայած քաղաքապետարանի ձեռնարկած կտրուկ ու կոշտ քայլերին, Աղստևը շարունակում է աղտոտվել թե՛ շարքային իջևանցիների մողմից, թե՛ առանց խոչընդոտ գետը լցվող կոյուղաջրերով: Սուրեն Մանուկյանն ասաց, որ քաղաքապետարանը այս առիթով ոչինչ չի կարող անել, քանի որ համայնքը չունի մաքրման կայան:
Նշենք, որ իջևանցիները և Աղստև գետի մյուս բնակավայրերի բնակիչները, աղբը լցնելով գետը, հույսները դնում են գետի վարարումների վրա, որը ողջ աղբը քշում-տանում է դեպի հարևան Ադրբեջան: Մինչդեռ այս հարցը մի շարք ատյաններում բազմաթիվ անգամներ շահարկումների առիթ է դարձել և ադրբեջանցիները հարմար առիթը բաց չեն թողնում ու Հայաստանին մեղադրում են գետն աղտոտելու մեջ:
Էդվարդ Արզումանյան
Տավուշի մարզ
Լուսանկարները` հեղինակի