Ադրբեջանցի «օրենքով գող» Ալիբալա Համիդովը սպանվել է Ստամբուլում (տեսանյութ)
Prime Crime լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում սպանել են ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալիբալա Համիդովին, ով քրեական միջավայրում հայտնի է որպես «Գոջա Բակինսկին»: Սպանությունն իրականացվել է կիրակի: Համիդովը ստացել է հրազենային երեք վնասվածք և մահացել է տեղում:
Գործակալությունն ընդգծում է, որ Համիդովը հակամարտության մեջ էր քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) խմբավորման հետ, ով սպանվեց այս տարվա հունվարին, Մոսկվայում:
Նրան, մասնավորապես, մեղադրում են ոչ վաղ անցյալում կատարած քրեական հեղինակություններին «թագադրելու» մեջ, որը կազմակերպվել է ոմն Վաժա Բիգանիշվիլիի կողմից և հարուցել է «դեդականների» դժգոհությունը:
Բացի այդ, գործակալությունն ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունը շաղկապում է ոչ վաղ անցյալում Ստամբուլում տեղի ունեցած իրադարձությունների հետ. վրացի «օրենքով գողերի» խումբը մուտք էր գործել Ստամբուլի հյուրանոցներից մեկը, ուր հանգստանում էին Դեդ Հասանի խմբավորման ներկայացուցիչները և դաժան ծեծի էին ենթարկել նրանց: Դրա հետևանքով մի քանի մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել էր:
Նշվում է, որ Ալիբալա Համիդովը ադրբեջանցի առավել ազդեցիկ «օրենքով գողերից» մեկն էր և 1990-ական թվականների սկզբներին դատապարտվել է սպանության համար, իսկ ավելի ուշ քանիցս դատապարտվել է թմրանյութեր պահելու համար: