
Թուրքիայում Ժանդարմերիան ամբողջովին հեռացվել է ցամաքային սահմանը պահպանելու գործընթացից

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության վրայից ամբողջովին հանվել է սահմանների անվտանգության պահպանման պատասխանատվությունը:
Տարիներ շարունակ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակներում հենց Ժանդարմերիան է պահպանել Իրաքին սահմանակից Շըրնաք և Հաքքարի նահանգների սահմանները: Այսուհետ դրանց պահպանմամբ կզբաղվեն ցամաքային զորքերը:
Թերթը հիշեցնում է, որ Գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքում տեղեկատվություն է տարածել, որ երկրի 2949 կիլոմետր երկարությամբ սահմանների պահպանման համար պատասխանատվություն է կրում Ցամաքային զորքերի հրամանատարությունը, իսկ 8333 կիլոմետրանոց ծովային սահմանների պահպանման համար՝ Առափնյա ուժերի հրամանատարությունը:
Ցայժմ Թուրքիայի սահմանների մեծ մասում անվտանգության պահպանումն իրականացրել են ցամաքային զորքերը, սակայն PKK-ի դեմ պայքարի շրջանակներում Շըրնաք և Հաքքարի նահանգների սահմանների պահպանմամբ զբաղվել է Ժանդարմերիայի՝ Հասարակական կարգի պահպանման կորպուսը:
Հիշեցնենք, որ Ժանդարմերիան հիմնվել է դեռևս օսմանյան ժամանակներում` 1839 թվականին: Ներկայումս Ժանդարմերիան ոստիկանական գործառույթներ է իրականացնում այն վայրերում, որտեղ գործունեություն չի ծավալել ոստիկանությունը։ 200.000-250.000 հոգանոց անձնակազմ ունեցող Ժանդարմերիան ենթարկվում է զինված ուժերի և ոչ թե ՆԳՆ-ի հրամանատարությանը: