
Ադրբեջանական ընդդիմությունը նոր միասնական թեկնածու է ընտրում

Haqqin.az պորտալը, վկայակոչելով virtualaz.org-ը, հայտնում է, որ «Մուսավաթ» կուսակցության շտաբ-բնակարանում սկսվել է Ազգային խորհրդի հերթական փակ նիստը: Նիստի օրակարգում են գտնվում նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը և կազմակերպչական մի շարք ընթացիկ հարցեր:
Այդ նիստում Ազգային խորհուրդը հստակեցնելու է իր նոր միասնական թեկնածուի հարցը: Այս մասին հայտարարվել է այդ կառույցի երեկվա հանրահավաքում: Նիստին մասնակցում է Ազգային խորհրդի 131 անդամներից 80-ը:
Հիշեցնենք, որ Ազգային խորհրդի կողմից ընդդիմության միասնական թեկնածու հռչակված կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմեկովը մեկ շաբաթ առաջ ընդդիմությանը կոչ էր արել ընտրություններին գնալ մի քանի թեկնածուով՝ կապված նրա հետ, որ ընտրությունների անցկացմանը մնում է մոտ երկու ամիս, իսկ Ռուսաստանից քաղաքացիությունից իր դուրս գալու հարցը դեռ լուծված չէ:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն իսկ հաստատել է 12 թեկնածուի, այդ թվում նաև գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: