Բաժիններ՝

Արագածոտնի մարզում արոտավայր գնացող անասունները հաճախ են խցանումների և ավտովթարների պատճառ դառնում (լուսանկարներ)

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից մինչև Ապարան ճանապարհահատվածը առավոտյան և երեկոյան ժամերին վարորդների համար իսկական պատուհաս է դառնում: Հենց այդ ժամերին է, որ անասուններին տանում են արածելու և երեկոյան էլ ետ բերում: Հարյուրավոր անասուններ, ճեմելով մայրուղու վրա, առաջացնում են հսկայական խցանումներ, որոնց ընթացքում շատ հաճախ նաև մեքենաներն են վնասվում:

Ճանապարհային ոստիկաններն ու խնդրով մտահոգ կառույցները բազմիցս են գյուղացիներին հորդորել անասուններին հնարավորինս հեռու պահել մայրուղիներից, սակայն խնդիրը շարունակում է մնալ «օրակարգային» և չլուծված: Օրեր առաջ ևս նշված ճանապարհահատվածի` Գեղարոտ գյուղի տարածքում ավտոմեքենան հարվածել էր կովերից մեկին և լուրջ վնասներ կրել: Կովը ևս լուրջ տուժել էր, բնակչի փոխանցմամբ՝ «համարյա սատկել ա»:

Նման ավտովթարների պատասխանատվությունը շատ հաճախ ընկնում է հենց գյուղացու վրա, քանի որ մայրուղով երթևեկող մեքենաները, որոնք չեն գերազանցում սահմանված արագությունը, չնկատելով առջևից մեծ արագությամբ ճանապարհ դուրս եկած անասուններին, հարվածում են, ինչի արդյունքում էլ տուժում են թե մեքենաները և թե կենդանիները:

kover (4)

kover (3)

kover (2)

Երթևեկող վարորդները անասունների հոտը ճանապարհով ուղեկցող հովիվներին հորդորում են ազատել ճանապարհն ու անասուններին քշել դաշտերով` ճանապարհից հեռու, սակայն հովիվները նրանց հորդորներին լուրջ չեն վերաբերվում՝ պատճառաբանելով, թե միակ ճանապարհը սա է: Պետք է նշել, որ ճանապարհներին չկան տեղադրված նաև համապատասխան նշաններ, որոնք թույլ կտային անասուններին արածեցնել նշված հատվածում, իսկ վարորդներին կտեղեկացնեին ճանապարհին գտնվող կենդանիների մասին:

kover (1)

Հայաստանում բնակվող և նշված ճանապարհով հաճախակի երթևեկող վարորդները արդեն սովորել են այդ վիճակին, իսկ ահա արտասահմանից Հայաստան եկած վարորդներն իրենց  իրենց բառերով ասած՝ ապշում են, թե ինչպե՞ս կարելի է արագընթաց մայրուղին անասունների ճանապարհ դարձնել:

Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս