Մարտի 1-ի զոհերից մեկի կինը մեղադրվում է երկրորդ ամուսնուն դանակահարելու մեջ
Մարտի 1-ի գործով զոհերից մեկի` Արմեն Ֆարմանյանի կինը` Աննա Էլոյանը, մեղադրվում է երկրորդ ամուսնուն դանակահարելու, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, և նրա վերաբերյալ գործն արդեն դատարանի վարույթում է:
Ոստիկանությունը պարզել է, որ Աննա Էլոյանը 2013թ. մայիսի 25-ի` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկի մոտակայքում, վիճաբանել է իր փաստական ամուսնու` Հովնան Խաչատրյան հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով:
Ա.Էլոյանը չի կալանավորվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Փաստինֆո» գործակալությունը, Հ. Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել «Մալաթիա» բժշկական կենտրոնից, որ կրծքավանդակի աջ առաջնային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը:
Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և կարճ ժամանակ անց պարզվել էր, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը: Ա. Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը:
«Փաստինֆո»